ԿարևորՀասարակություն

ՀՑԹԻ նոր տնօրենը Հարություն Մարությանն է

Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի Հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Ինչպես անցկացվեց քվեարկությունը եւ ինչպես արդյունքներն ընդունեց արդեն նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Միաժամանակ դռնփակ ու թափանցիկ, գաղտնի ու բացահայտ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում թանգարան-ինստիտուտի տնօրեն ընտրվեց պատմաբան, ազգագրագետ Հարություն Մարությանը։

Շուրջ 3 ժամ փակ դռների հետևում Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են թեկնածուների՝ թանգարանի զարգացման տեսլականին։ Մրցույթը հայտարարվել էր մեկ ամիս առաջ։ Հուլիսին հայտարարված մրցույթի մասնակիցները չորսն էին, նրանցից Ստեփան Ստեփանյանցն ու Արմեն Ասրյանը քվեարկության արդյունքում ձայն չէին ստացել, իսկ թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը 13 ձայնից ստացավ 2-ը, 11-ը Հարություն Մարությանինն էր։ Նորընտիր տնօրենի համար իր անունը լսելն անսպասելի էր։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանն ասում է՝ նոր տնօրենն ամայի միջավայր ու տարածք չի գալիս՝ արված գործը ծանրակշիռ է, բայց թանգարանին թարմություն էր պետք։

Թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը նորանշանակ տնօրենին չշնորհավորեց՝ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո միանգամից լքեց դահլիճը՝ առանց հրաժեշտի ու առանց խոսքի։

Back to top button