ԿարևորՔաղաքական

Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ում. թեր եւ դեմ կարծիքներ


Մինչ Հայաստանի իշխանությունները եվրոպական հանդիպումներում խոսում են Հայաստանում թավշա հեղափոխությունից հետո ժողովրդավարական առաջընթացի մասին, խորհրդարանական փաստացի մեծամասնության ներկայացուցիչները եվրոպական կառույցներին ահազանգում են մեր երկրում մարդու իրավունքների խախտման փաստերի մասին:

Վերջին նման նախաձառնությունը ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանինն է: Նա  ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում  բարձրացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  համոզված է, որ  մոնիտորինգի հանձնաժողովը մատների արանքով չի նայի մեր պատվիրակության նախագահի մտահոգություններին ու մանրամասն ուսումնասիրության առարկա կդարձնի հայաստանյան ներքաղաքական իրավիճակը:

«ԵԽ-ի համար բացարձակ կարևոր չէ, թե ով է այսօր իշխանություն՝ տոտալիտար Հանրապետակա՞նը, թե՞ ժողովրդի վստահությունը վայելող Փաշինյանը: Եթե կա մտահոգություն մարդու խոսքի, մտքի, խղճի ազատության վերաբերյալ, ես վստահեցնում եմ, որ հանձնաժողովը մանրակրկիտ տեղեկացված է յուրաքանչյուր նման դեպքի մասին և լուրջ քննարկում է սպասվում հանձնաժողովում»:

ԱԺ փոխնախագահ  Արփինե Հովհաննիսյանը Հայաստանի ներքաղաքական,  իր գնահատմամբ , մտահոգիչ իրավիճակի հարցը նախ բարձրացրել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովում:  ֆեյսբուքյան գրառմամբ պատգամավորը տեղեկացրել է, որ  Վեհաժողովի պատվիրակների ուշադրությանն է ներկայացրել   Հայաստանում «խոսքի ազատության ճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը,  նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը,  նաև ՝ հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ։ Ներկայացրել է նաեւ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների  գաղտնալսված հեռախոսազրույցի  բովանդակությունը:

Որոշվել է, որ Հայաստանի ներաքաղաքական իրավիճակի հարցն արտահերթ  կքննարկվի  մոնիտորինգային հարցերի հանձնաժողովի առաջիկա նիստում, որը  սպասվում է հոկտեմբերին  մեկնարկելիք  ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրեն էլ իրավիճակը մեծապես մտահոգում է:

«Ես բացարձակ չէի ցանկանա, որ Հայաստանում խոսքի, մտքի ազատության հետ կապված խնդիրներ քննարկվեին ԵԽԽՎ-ում, որովհետև այն համոզման էի, որ այդ էջը փակել ենք: Ցավոք, ատելության այն քարոզը, որ տեսնում ենք սոցիալական ցանցերում, մամուլում, այն անհանդուրժողականությունը, որ կա հասարակության մեջ, ինձ մեծապես մտահոգում է»:

Ստրասբուրգում նման շեշտադրումներով քննարկումներ Հայաստանի մասին վերջին անգամ եղել են  2008-ին, մարտի 1-ի դեպքերից  հետո: Այդ տարիներին ԵԽԽՎ-ում իրավուքների ճնշման մասին ահազանգում էր խորհրդարանական ընդդիմադիր ՀԱԿ-ը: Նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը տրամգծորեն այլ կարծիք ունի, կարծում է, որ 2008-ի և այսօրվա իրավիճակներն ընդհանրապես համադրելի չեն:

«Ամոթ է անգամ համադրելիության մասին խոսել կամ այդ բառը կիառել: Բացարձակ եզրեր չկան մարտի 1-ի դեպքերի և այսօրվա իրավիճակի միջև: Սա ես համարում եմ ինքնապաշտպանության միջոց. փորձում են հնարավորինս մեղմել այն  պատիժը, այն գնահատականը, որը նրանց սպասվում է»:

Արամ Մանուկյանն այստեղ նաև իշխանությունների բացթողումն է տեսնում, որը հարցով է ձևակերպում:

«Ինչո՞ւ պետք է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Հայաստանը ներկայացնեն Եվրոպայում: Այդ քաղաքական ուժը ժողովրդի մտածողության, դիրքորոշումների մեջ ջնջված է արդեն, բայց շարունակում է Հայաստան ներկայացնել»:

Արամ Մանուկյանը կարծում է, որ  հեղափոխությունից 4 ամիս անց արտահերթ խորհրդարանական ընտրությունները կամ պետք է կայացած լինեին, կամ արդեն նշանակված: Քանի դեռ նոր իրավիճակն  արտացոլող խորհրդարան չունենք, նման զարգացումներից պետք է չզարմանանք ՝ ասում է նախկին պատգամավորը:

Back to top button