ԿարևորՏնտեսական

Որպեսզի երկրում որևէ թոշակառու ծայրահեղ աղքատ չլինի

Կառավարությունում որոշել են հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 60 տոկոսով՝ դարձնելով 25.500 դրամ:

Համապատասխան օրինագիծը՝ Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին,  տեղադրված է իրավական ակտերի նախագծերի e.draft.am կայքում։

 

25500 դրամ՝ 2019 հունվարի 1-ից, որպեսզի մեր երկրում որևէ թոշակառու ծայրահեղ աղքատ չլինի: Կառավարությունում հաշվարկել են ու որոշել՝  հունվարից 60 տոկոսով կավելանա  նվազագույն կենսաթոշակը:

Առողջապահության նախարարությունը 11 անուն սննդամթերք է առանձնացրել, որոնք մարդուն պետք են՝ սովից չմեռնելու համար: Ամսական գումարն էլ մոտ 26 հազար դրամ է կազմում: Թե որքան գումար է կազմելու նվազագույն կենսաթոշակի բարձրացումը հաշվարկներն արվում են։

Վարչապետի խորհրդական, հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանն ընդգծում է. «Նոր կառավարության դիրքորոշման հիմքը մարդն է»:

Մանուկյանը հիշեցնում է անարդյունավետ ծախսերի ու դրանց վերհանման մասին, դրանք էլ են ստեղծել  այս բարձրացման հաշվեկշիռը:

Նվազագույն աղքատության շեմը 23 313 դրամն է՝ ընդգծում է զրուցակիցս: Քանի օր կարող է  ապրել թոշակառուն 25 500դրամով՝ հարցնում եմ.

«Աղքատության ստորին ու վերին գիծ կա, մինչև վերին գիծը մենք կարող ենք համարել, որ մարդը աղքատ է: ԱՎԾ վերջին գնահատումներով դա կազմում է մոտ 40 800 դրամ: Նույն կենսաթոշակատռուն, եթե սրանից ցածր գումար է ստանում, վստահաբար ինքը աղքատ է: Ենթադրել, որ կենսաթոշակառուի կյանքում որակական փոփոխություններ կլինեն, իհարկե, արդարացի չի լինի այս դիտարկումը»:

«Ռադիոլուրը» հենց կենսաթոշակառուներից փորձեց տեղեկանալ՝ գո՞հ են նրանք իրենց ստացած գումարներից: Ինչպես և կանխատեսվում էր՝ գումարները բավարար չեն:

Փոխանցելով մեր քաղաքացիների մտահոգությունները՝ վարչապետի խորհրդականին հարցնում եմ՝ քննարկվո՞ւմ է արդյոք կառավարությունում միջին կենսաթոշակի բարձրացման հարցը:

«Տարատեսակ քննարկումներ կան, բայց այս պահին առաջին պլան է մղված ՀՕ մասով քննարկումներ են: Վարչապետը որոշակի մեսիջներ հղեց եկամտային հարկի, նաև մյուս հարկատեսակների մասով»:

«Ռադիոլուրն» իշխանությունից ընդդիմություն դարձած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ եթե կար հնարավորություն, ինչու իրենք չէին բարձրացնում նվազագույն կենսաթոշակները, և ընդհանրապես ինչ են մտածում 60 տոկոսով նվազագույն կենսաթոշակների բարձրացման մասին.

«Կգա նախագիծը, կքննարկենք, պատասխանը կտանք: Մենք չենք ասել, որ չենք բարձրացնելու, ամեն ինչ իր ժամանակն ունի»:

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանն ասում է՝ դրական փոփոխություններն ու միջոցառումները պետք է շարունակական լինեն: Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում  նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են:

Back to top button