Հասարակություն

Համաշխարհային սովը շարունակում է տարածվել. ՄԱԿ-ի զեկույց

Աշխարհում 821 միլիոն մարդ այսօր սովի է մատնված, և ավելի քան 150 միլիոն երեխա թերաճ է. սովին վերջ դնելու նպատակը անհասանելի է թվում

Նոր փաստերն ահազանգում են, որ աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը շարունակում է աճել՝ 2017-ին հասնելով 821 միլիոնի (9 բնակչից 1-ը)՝ համաձայն «Պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը 2018-ին» նոր զեկույցի: Թերսնուցման բազմաթիվ ձևերը՝ թերաճությունից մինչև գիրություն, հաղթահարելու սահմանափակ առաջընթաց է գրացվել` հարյուր միլիոնավոր մարդկանց դնելով վտանգի առջև:

Վերջին երեք տարիներին սովը շարունակում է գրավել աշխարհը՝ հավասարվելով մեկ տասնամյակ առաջ գրանցած ցուցանիշին: Այս հետընթացը չափազանց անհանգստացնող է: Անհապաղ պետք է ավելի շատ աշխատել, եթե ուզում ենք մինչև 2030-ը հասնել սովը զրոյացնելու Կայուն զարգացման նպատակին:

Իրավիճակն ավելի է վատանում Հարավային Ամերիկայում և Աֆրիկայի շատ շրջաններում, մինչդեռ Ասիայում թերսնուցման նվազման միտումը նշանակալիորեն հապաղել է:

ՄԱԿ-ի տարեկան զեկույցը պարզել է, որ կլիմայի փոփոխությունն ազդում է անձրևների հաճախականության և գյուղատնտեսության վարման համակարգի վրա: Կլիմայական այնպիսի ծայրահեղությունները, ինչպիսիք են` երաշտներն ու ջրհեղեղները, հակամարտությունների և տնտեսական անկման հետ միասին, սովի մակարդակի աճի հիմնական պատճառներն են:

«Պարենային անապահովության ահագնացող աճը և թերսնուցման տարբեր ձևերի բարձր ցուցանիշները հստակ մատնանշում են, որ մեծ ջանքեր պիտի գործադրել ԿԶՆ պարենային ապահովությանը և բարելավված սնուցմանը հասնելու համար՝ ճանապարհին «ոչ մեկին հետևում» չթողնելով»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ հայտարարության մեջ:

«Եթե մենք նպատակադրվել ենք մինչ 2030-ը վերջ տալ սովի և թերսնման բոլոր ձևերին, պետք է անհապաղ գործի անցնել և ուժեղացնել սննդային համակարգերի դիմակայունությունը և հարմարվողականությունը, ինչպես նաև՝ բարձրացնել կլիմայական փոփոխության և ծայրահեղությունների նկատմամբ բնակչության կենսունակությունը»,- ասում են կազմակերպությունների ղեկավարները:

Բոլոր տիպի թերսնուցմանը վերջ դնելու դանդաղ առաջընթացի մասին
Զեկույցում նշվում է, որ երեխաների թերաճությունը նվազեցնելու միայն թեթև առաջընթաց է գրանցվել. 2017-ին մինչև 5 տարեկան 151 միլիոն երեխա ցածրահասակ է (տարիքի համեմատ)՝ համեմատած 2012-ի 165 միլիոն երեխայի հետ: Ընդհանուր առմամբ, Աֆրիկայում և Ասիայում են գրանցված թերաճ երեխաների 39 և 55 տոկոսները համապատասխանաբար:


Զեկույցը «ամոթալի» է համարում վերարտադրողական տարիքում գտնվող յուրաքանչյուր 3-րդ կնոջ մոտ անեմիայի առկայության փաստը: Դա մեծ հետևանք ունի թե՛ կնոջ և թե՛ երեխայի առողջության ու զարգացման վրա:
Ոչ մի երկրում վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ անեմիայի ցուցանիշների նվազում չի գրանցվել (ի դեպ վերջինս Աֆրիկայում և Ասիայում երեք անգամ ավելի է տարածված):

Բացառապես կրծքով կերակրման ցուցանիշները Աֆրիկայում և Ասիայում 1.5 անգամ բարձր են, քան Հյուսիսային Ամերիկայում, որտեղ մինչև 6 ամսական երեխաների միայն 26 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:

Սովի հակառակ կողմը. գիրությունն ավելի մեծ խնդիր է դառնում
Մեծահասակների գիրությունը ավելի մեծ խնդիր է դառնում: Աշխարհում 8 բնակչից մեկը գեր է: Խնդիրն ավելի արտահայտված է Հյուսիսային Ամերիկայում, սակայն Աֆրիկան և Ասիան նույնպես հետ չեն մնում:

Շատ երկրներում խնդիր է թե՛ թերսնուցումը և թե՛ գիրությունը, ինչը նույնիսկ կարող է արտահայտվել նույն ընտանիքում: Սննդարար ուտելիքի թանկությամբ պայմանավորված դրա անհասանելիությունը, սննդի անբավարարությունից առաջացող սթրեսը և սննդի խնդրին հոգեբանորեն հարմարվելը օգնում են հասկանալ սննդի պակաս ունեցող ընտանիքների ավելորդ քաշի և գիրության հավանականությունը:

Կոչը
Զեկույցում կոչ է արվում ապահովել սննդի հասանելիությունը՝ կտրելով թերսնուցման սերնդեսերունդ փոխանցվող շղթան: Այս գործընթացում անպայման պետք է ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերին՝ նորածիններին, մինչև 5 տարեկան երեխաներին, անչափահաս աղջիկներին և կանանց:

Զեկույցում նաև կոչ է արվում կլիմայական դիմակայունության համար աշխատել կլիմայական փոփոխություններին հարմարվելու, դրա հետևանքները մեղմելու և աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ:

Հիմնական փաստերն ու թվերը
2017-ին աշխարհում 821 միլիոն մարդ՝ յուրաքանչյուր 9 բնակչից մեկը, սովի է մատնված եղել.

Ասիայում՝ 515 միլիոն
Աֆրիկայում՝ 256.5 միլիոն
Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ 39 միլիոն
Մինչ 5 տարեկան երեխաների 22 տոկոսը՝ 150.8 միլին երեխա, թերաճ է (ցածրահասակ տարիքի համեմատ)
Մինչ 5 տարեկան երեխաների 7.5 տոկոսը՝ 50.5 միլիոն երեխա, թերքաշ է (նիհար հասակի համեմատ)
Մինչ 5 տարեկան երեխաների 5.6 տոկոսը՝ 38.3 միլիոն երեխա, գերքաշ է (գեր հասակի համեմատ)
Վերարտադրողական տարիքի կանանց 32.8 տոկոսը անեմիա ունի:
Մինչ 6 ամսական երեխաների 40.7 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
Յուրաքանչյուր 8-րդ բնակիչ՝ 672 միլիոն մարդ այսօր գիրության խնդիր ունի:


Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 17.6 տոկոսը՝ յուրաքանչյուր 6-րդ երեխան, թերսնուցման խնդիր ունի: Համաձայն ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների մոտ ավելորդ քաշի խնդիրն ավելի տարածված է, քան թերաճության խնդիրը: Երեխաների 13.6 տոկոսն ավելորդ քաշի խնդիր ունի, իսկ 9 տոկոսը՝ թերաճության խնդիր:

Մինչև 5 տարեկան երեխաների 16 տոկոսը, իսկ 15-49 տարեկան կանանց 13 տոկոսն անեմիա ունի:
Մինչև 6 ամսական երեխաների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում:
15-49 տարեկան կանանց 45 տոկոսն ավելորդ քաշ ունի:

Բոլոր ընտանիքները յոդացված աղ են օգտագործում: Ավելին՝ այստեղ:

Back to top button