ԿարևորՀասարակություն

Որո՞նք են Երեւանի զարգացման համար թիրախային ուղղությունները

Քարոզարշավի 4 րդ օրը «Ռադիոլուրն» անդարադառնալու է, քաղաքի կառավարման եւ զարգացման ինչ հայացակարգ են առաջարկում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։

Նախընտրական ծրագրերում ամրագրված թիրախային ուղղությունները, ինչպես ասում են մասնակից ուժերը, գրեթե նույն են, բայց տարբեր են կառավարման մոդելները:

Երեւանը գոյատեւող քաղաքից պետք է դառնա զարգացող քաղաք: Կառավարման այս մոդելը հիմք ընդունելով՝ «Լույս» դաշինքը դեմ է մինչ օրս կառավարվող գոյատեւման տարբերակին: Դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը նշում է, որ համատիրության կառավարման մոդելը, որով այսօր Երեւանի վարչական շրջաններն են ղեկավարվում,  անվստահություն է ներշնչում։

Ինչու. քանի որ արդյունավետ չեն գործել եւ բյուջեի մեծ մասը գնացել է վարչական մասի պահպանմանը, չեն ներկայացրել օրենքով սահմանված կարգով հաշվետվությունները:

«Հայ հեղափոխական դաշնակցությունից» ավագանու թեկնածու Խաչատուր Ստեփանյանն ասում է, որ իրենք առաջնորդվելու են «Հանուն ժամանակակից և զարգացող Երևանի» տեսլականին, որի իրագործման ճանապարհին ստեղծելու են միասնական տրանսպորտային համակարգ, բեռնաթափելու են երթեւեկությունը, կարգավորելու են վթարային շենքերի հիմնախնդիրը, ամրապնդելու են սեյսմիկ անվտանգության մեխանիզմները, ներդնելու են բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմներ: Խաչատրյանը շեշտում է Երեւանը համահայկական կենտրոն դարձնելու տեսլականը:

Հայք կուսակցությունը Երևանի կառավարման համակարգի զարգացման իր տեսլականն ունի: Այստեղ կարծում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացված է, քաղաքի զարգացման համար նախևառաջ պետք է օպտիմալացնել աշխատակազմը: Ընտրվելու դեպքում կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Գևորգ Հովսեփյանը պատրաստ է կրճատումների: Նա նաև  կարևորում է  և  քաղաքապետի, և շրջանների ղեկավարների ուղիղ ընտրությունների  անցկացումը

«Երկիր ծիրանի» կուսակցությունում խոստանում են՝  պատրաստ են ստանձնել  Երևանի կառավարումն ու ծառայել քաղաքացիներին: Կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում Երևանը ունենալու է բաց ու թափանցիկ կառավարում:  Երևանի բյուջեի ելքերի ու մուտքերի վերաբերյալ  տեղեկատվությունն ավելի հասանելի կլինի, Փոստանջյանը պարզել է, որ 170 մլն դոլար բյուջե ունեցող քաղաքում գումարը ծախսվում է ոչ թե ըստ նպատակի, այլ տարբեր եղանակներով յուրացվում է։ Օրինակը՝ «Երևան» հիմնադրամն է՝ ըստ Փոստանջյանի: Սա միակ դրույթը չէ:

«Իմ քայլը» դաշինքը Երեւանը տեսնում է միջազգային մրցունակ քաղաքի կարգավիճակում, որի վերափոխման համար դաշինքը կարեւորում է մի շարք ոլորտների բարելավում՝ տրանսպորտ, աղբահանություն, կանաչապատում։ Ասում է՝ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Տրդատ Սարգսյանը:

«Ժառանգությունը» ժպտացող Երեւանի կողմնակիցն է, ու իր նախընտրական ծրագրում ներկայացրել է «իրավատեր երեւանցի եւ Երեւանի կառավարում՝ նրա կամքով» կառավարման մոդելը: Ըստ կուսակցության ավագանու թեկնածու  Հովսեփ Խուրշուդյանի, կուսակցությունը, ընտրվելու դեպքում, վերականգնելու է տեղական ինքնակառավարման բուն էությունը՝ հասնելով նրան, որ երեւանցիները կարողանան քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով անմիջականորեն մասնակցել քաղաքի կառավարմանը։

«Երևանի հանրություն» դաշինքը ցանկանում է Երեւանը տեսնել անհոգ, որի համար կարեւոր է ստեղծել մաքուր քաղաք, կանաչ, քաղաք, առողջ քաղաք: Այս տեսլականն իրագործելու համար  ավագանու թեկնածու Արամ Գրիգորյանն ներկայացնում է կառավարման իրենց մոդելը

 «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն թեկնածու Արթուր Գասպարյանն առաջնահերթություն է համարում Երևանի քաղաքաշինական ճարտարապետական դեմքի պահպանումը, վերջին քսան տարվա ընթացքում ապականվածի վերականգնումը եւ վերադարձը: Գասպարյանը ընտրվելու դեպքում կառավարումից բացի, առաջարկում է քաղաքի ուրբանիզացիա:

Երեւանցիների կուսակցություն դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը մայրաքաղաքը միասնական օրգանիզմ է  համարում, այդ համատեքստում ոլորտային խնդիրներին տրվելու են ամբողջական լուծումներ: Արարատ Զուրաբյանը կարծում է, որ իրենք Երեւանը կարող են լավ կառավարել, քանի որ տեղյակ են խնդիրներից, ինչպես նաեւ ունեն քաղաքական անցյալ:

ԲՀԿ առաջարկում է «կանաչ-խելացի» քաղաքի հայեցակարգը, որը մայրաքաղաքը դարձնելու է ապրելու համար հարմարավետ և գրավիչ՝ «Իրատես Երեւան, այլ ոչ վիրտուալ»: ԲՀԿ միակն է, որն առաջարկում է տարբեր ոլորտներում խնդիրների լուծման ոչ թե թղթին գրված տարբերակներ, այլ ներկայանում է իր ընտրողին՝ ներդրումային փաթեթով՝ ասում է քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը մայրաքաղաքի կենսագործունեության ու կառավարման համակարգի կազմակերպման սկզբունքային նոր մոտեցումներով պատրաստվում է Երևանը դարձնել զարգացած ու բարեկեցիկ քաղաք, որտեղ յուրաքանչյուր երևանցի կտեսնի և կհասկանա քաղաքի զարգացման հեռանկարը, կտեսնի իրեն հուզող խնդիրների լուծման ճանապարհն ու արդյունքները: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Smart Երեւան կառավարման ծրագիրը:

Ռեֆորմիստների կուսակցությունը կարևորում է ինչպես քաղաքացիական համերաշխության, այնպես էլ երկրի ղեկավարի ինստիտուտին աջակցելու գաղափարը: Ժողովրդավարական արժեքներին ձգտելով՝ կուսակցությունը հավատարիմ է ազգային նկարագրի պահպանմանը և ավանդույթների շարունակմանը՝ Հայաստանի զարգացման հիմնական գրավականը համարելով կայունությունը:

Back to top button