Հասարակություն

Խոշորացումից շահել են փոքր համայնքները

Գյումրուց 6 կմ հեռավորության վրա գտնվող  Մայիսյան  համայնքի բնակիչների հիմնական աշխատաշուկան Գյումրին է կամ էլ՝ Ռուսաստանը:

Հողագործությամբ քչերն են զբաղվում, հողերի զգալի մասը՝ մոտ  400 հա-ը  արոտավայրեր են, իսկ 130 հա-ից ավելին՝ վարելահողեր, որոնք դրված են կերային մշակաբույսերի և կարտոֆիլի   արտադրության տակ:

Մայիսյանը մյուս գյուղերի  համեմատությամբ ոռոգման ջրի խնդիր չունի, սակայն քչերն են հող մշակում:

 

 

«Հողի հետ մենք սեր չունինք, հողից հեռու մարդիկ ենք, սովետի ժամանակ՝ լավ ապրած: Մի քանի տարի առաջ կարտոֆիլ ցանեցինք, կարկուտն եկավ՝ ջարդեց: Մենք էլ հիասթափվանք, էլ չմշակինք հողը»:

Նախկին խնայբանկի աշխատակիցը չցանկացավ ներկայանալ, սակայն հիմա այլ աշխատանք է գտել: Բազմանդամ ընտանիքին կերակրելու հոգսը միայն որդու վրա է, ինքն էլ որոշել է մեղմել ընտանիքի կարիքները և  գյուղի կենտրոնում փոքրիկ խանութ բացել, որն աչքի չէր ընկնում ապրանքների բազմազանությամբ ու առատությամբ:

Խանութում ապրանքը  շատ քիչ է, պարտքացուցակն էլ՝ մեծ: Պարտքերը վճարում են նպաստ ու թոշակ ստանալիս, խոպանից ուղարկված փողով կամ էլ հողի բերքը վաճառելիս: Մայիսյանի գյուղատնտեսական հողերի մեծ մասը դրված են հացահատիկի մշակության տակ, իսկ տնամերձերում նաև բանջարեղեն են մշակում: Այս տարի բերքն առատ էր, սակայն վնասվեց կարկուտից:

«Կուզենք, որ մի քիչ էլ գյուղի վրա ուշադրություն դարձնեն, վարկերի տոկոսները իջեցնեն: Կարկուտը զարկեց, հիմի ինչով փակենք վարկերը»:

Մայիսյանցիները հետևում են քաղաքական զարգացումներին, չեն շտապում գնահատական տալ, բայց հավատում են, որ  նոր իրողության պայմաններում կարող է շատ բան փոխվել: Գյուղացիներին հետաքրքում է նաև ավանդների վերադարձման խնդիրը:

Մայիսյանը Մարմաշեն խոշորացված  համայնքի կենտրոնն է, նոյեմբերին կլրանա մեկ տարին: Համայնքերի խոշորացումից հետո ինչ փոփոխություն կա գյուղում:

Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը ասում է, որ համայնքների խոշորացումը դրական է ազդել փոքր բյուջե ունեցող գյուղերի վրա, որտեղ փոքրիշատե գործեր արդեն արվել են, գիշերային  լուսավորություն և խմելու ջուր են անցկացրել:

Ճանապարհների խճապատման հետ կապված  համայնքը նոր ծրագրեր է մշակում: Մտադրվել են մինչև Շիրակ գյուղը 2 մայրուղի միացնել իրար՝ դեպի Բավրա և Վանաձոր հողաշեն ճանապարհները, որոնք քանդվել են ռուսական 102-րդ բազայի ծանր տեխնիկայի պատճառով: Հարցն արդեն կարգավորվել է, տանկերն ու մյուս տեխնիկան այլ ճանապարհով են անցնում, իսկ նշված Ճանապարհի խճապատման համար մրցույթ է հայտարարվել:

Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը 15 համայնքի ճանապարհների հարթեցման նպատակով կառավարությունից խնդրել է ճանապարհաշինական տեխնիկա, աղբահանության մեքենա:

«Եթե սուբվենցիան հաստատվի, տեխնիկաների կես գինը համայնքը կվճարի»:

Համայնքի ղեկավարն ասաց,  եթե կառավարությունը խնդրանքը չկատարի և  ինքը չկարողանա իր նախընտրական խոստումները կատարել, ապա նոյեմբերի 5-ին, այսինքն՝ համայնքի ղեկավար ընտրվելուց մեկ տարի անց՝ հրաժարական կտա:

Back to top button