ԿարևորՄշակույթ

Բարեգործական համերգ՝ նվիրված Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ»-ի վերականգնմանը

Ոչ հեռավոր Ապագայում՝ Երևանից 25 կմի վրա, ապրում են անցյալում ստեղծված «Սասունցիները»: Դրանք նորացվելու կարիք ունեն եւ բարեգործական համերգից ստացված հասույթն ուղղվելու է այդ գործին։

 

Մի քանի օր էլ ու Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կուենա «Կադանս»  անսամբլի բարեգործական համերգը։ Ողջ հասույթը կնվիրաբերվի հայ մեծ գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնմանը։

Համերգի կազմակերպիչները ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հանրային ռադիոն են՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, եթե անգամ բարեգործական համերգին համապատասխան գումար չհավաքվի, նախարարությունը հաջորդ տարի միջոցներ կտրամադրի որմնանկարի վերականգնման համար:

Բարեգործություն անելու մշակույթը շատ կարևոր է, ընդգծում է նախարարը:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը համոզված է՝ անպայման պետք էպահպանենք արվեստի ստեղծագործությունները, որոնք ոչ միայն գեղեցկություն եւ ներդաշնակություն են բերում մեր քաղաքներին ու գյուղերին, այլեւ մեր՝ հայերիս հպարտությունն են։

Հայրենիքի թեման Սարգիս Մուրադյանի ստեղծագործական կյանքում ամենակարևորն էր, հիշում է նկարչի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը:

Թե ինչպես է նկարիչը հայտնվել Ապագայում, Զարուհին չի հիշում, բայց որ հայրը միշտ շատ լուրջ է մոտեցել մնայուն արժեքներին, փաստ է։

Գյուղում որմնանկարին «մեր նկար» են ասում, հպարտանում են։ Թե ինչպես է ստեղծվել որմնանկարը, բոլոր մանրամասնություններով հիշում է նկարչի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը:

Վերականգնող ճարտարապետ Արա Պաոլո Զարյանի ու Զարուհի Մուրադյանի հանդիպումը «Սասունցիներ»-ին երկորդ կյանք տալու հույս առաջացրեց դեռ անցյալ տարվա աշնանը:

«Արվեստն օգնում է արվեստին». բարեգործական համերգի կարգախոսն է ու դա ճիշտ մոտեցում է՝ վստահ է «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը:

Բարեգործական համերգին մասնակցելը հաճելի է և օգտակար՝ գնված ցանկացած տոմս կօգնի որմնանկարի վերականգնմանը և կպարգևի անմոռանալի երաժշտական երեկո:

Back to top button