ԿարևորՔաղաքական

Ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի փաստը՝ մեկնաբանվել է ԱԺ-ում

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը. խորհրադարանում մի քանի կարևոր ընտրություններ են, երեկ ԱԺ-ն ընտրեց ԿԲ խորհրդի անդամ, Հաշվեքննիչ պալատի նախագահ, այսօր՝ Վճռաբեկ դատարանի նախագահ և ՍԴ անդամ:

Ընտրությունները, սակայն, այս փուլում մնացել են ստվերում, երկրորդական պլանում: Միջանցքներում քննարկման հիմնական թեման ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումն է, դրան հետևած զարգացումները:

Բոլոր ուժերի գնահատականները համընկնում են մեկ կետում՝ փաստը  մտահոգիչ է, մեղադրանքի սլաքները, սակայն, տարբեր կողմեր են ուղղվում:

Ազգային ժողովի նախագահը  կարծում է, որ  խորհրդարանը պետք է քննարկման առարկա դարձնի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված  և երեկ հրապարակված  հեռախոսազրույցը, դրան վերաբերող բոլոր  հարցերը  քննարկի այդ ձևաչափում:

«Անպատկերացնելու մի երևույթ է, որ կարելի է ԱԱԾ-ի ղեկավարին նույնիսկ գաղտնալսել։ Մեզ համար աննախադեպ մի իրավիճակ է ստեղծվել։ Ես կարծում եմ, մենք պետք է անդրադառանք այդ հարցին օրենքով սահմանված կարգով և  ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի»։

Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակրգը հարցին անդրադառնալու 2 հնարավորություն են նախատեսում՝ հրատապ քննարկում կամ քննիչ հանձնաժողովի ստեղծում:   Հնարավրություններից մեկը կամ մյուսը հրավիրելու  առաջարկ  երեկ արել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ կարող է հրավիրվել հրատապ քննարկում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:  Այն  անցկացվում է նիստերից մեկի ընթացքում, իսկ  քննիչ հանձնաժողովը շատ ավելի մանրամասն ու երկար աշխատելու հնարավորություն է տալիս: Կրկին ձևավորվում է պատգամավորների 1/4-ի պահանջով, բայց կարող է գործել մինչև 6 ամիս ժամկետով:

Առայժմ պարզ չէ, թե որ գործիքից  կօգտվի խորհրդարանը: Քանի դեռ այդ  հստակությունը չկա,   հանրապետականները  կոշտացնում են գնահատականները:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նաև հարց ունի վարչապետին: Մտահոգություններ կան նաև Ծառուկյան դաշինքում:

Նաիրա Զոհրաբյանը  Զոհրաբյանը նաև մտահոգություն ուի, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը վերածվում է հեղափոխության երկրորդ ռաունդի:

«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը գաղտնալսման, հրապարկամն փաստը ահաբեկչության փորձ է որակում, հասկանում է, թե ինչու է կառավարությունը նման հարվածներ ստանում, սակայն համոզված է, որ նման քայլերն անարդյունք են մնալու:

ՀՀԿ-ական փոխնախագահ  Արփինե Հովհաննիսյանն էլ  հարցը տեղափոխել է ԵԽԽՎ: Վեհաժողովի  քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Քննարկման առարկա է դարձել  նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը:

Արփինե Հովհաննիսյանն այս մասին  տեղեկացրել է ֆեյսբուքով ու նշել նաև, որ  հարցի քննարկման արդյունքում որոշվել է  նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ։

Back to top button