Վերլուծական

Որն է Սիրիա զորամիավորում ուղարկելու ՀՀ նպատակը


Բուռն քննարկման թեմա է դարձել փորձագիտական շրջանակներում Սիրիա զորամիավորում ուղարկելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը:

Ոմանք դա համարում են ՀՀ անվտանգությանը սպառնացող նախաձեռնություն, ոմանք դա բնորոշում են մարդասիրական քայլ:

«Ռադիոլուր»-ն այսօր պարզաբանում է ստացել այս հարցում ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանից, որն այս հարցը դիտարկել է Սիրիայում բազմաթիվ սիրահայեր ունենալու և նրանց օգնելու հանգամանքով:

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Սիրիայում մարդասիրական համատեղ գործողության մասին։ Հայաստանն այնտեղ կուղարկի ռազմական  սակրավորների, ինժեներների և բժիշկների։ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ, հիմնական խնդիրը Հալեպի հայ համայնքին և, ընդհանուր առմամբ, Սիրիային օգնություն ցուցաբերելն է։

ՀՀ վարչապետը տեղեկացրել է նաև, որ  Հայաստանի ՊՆ մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո: Սիրիայում տիրող իրավիճակը Հայաստանին հետաքրքրում է ոչ միայն տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանման առումով, այլ որ Սիրիայում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնց անվտանգությունը կարևոր է՝ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Իրենց անվտանգության հարցը մեր օրակարգի գլխավոր հարցերում է»:

Հայաստանում նախատեսված ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում բարձրացվող կարևորագույն հարցերից մեկը լինելու է հենց ահաբեկչության դեմ պայքարի թեման և դա առնչվում է Արցախում, Սիրիայում տիրող ճգնաժամերի լուծմանը՝ նախարարին լրացնում է  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքայել Ժանը.

«Ես ուզում եմ ընդամենն ավելացնել, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը ֆրնակոֆոն բոլոր երկրներին են վերաբերում: Օրինակ դա վերաբերում է Ղարաբաղում և Սիրիայում տիրող ճգնաժամերին լուծում տալու խնդրին»:

Սիրիա մարդասիրական օգնություն տրամադրել Երևանի մոտեցման հարցում  կարծիքները միանշանակ չեն փորձագիտական շրջանակներում:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը  մտահոգված է  ՀՀ  անվտանգության հարցում: Սիրիան գտնվում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում և բավականին ռիսկային կարող է լինել այդ նախաձեռնությունը:

«Դառնալ այդ աշխարհաքաղաքական բախման մաս: Զինված ուժերի մաս են կազմում նաև սակրավորները: Որքան էլ հումանիտար որակենքՆրանք հրաժարվել են Բելառուս, Ղազախստանը մասնակցել: Առավելագույն զգուշություն է պետք այս խճճված իրավիճակում»:

Սա մարդասիրական քայլ է, բայց ունի իհարկե վտանգներ ևս ասում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Արամ Սարգսյանը:

«Վտանգ ես էլ եմ տեսնում, բայց նաև պետք է հաշվի առնել, որ խոսքը բժիշկների, սակրավորների մասին է, դա մարդասիրական քայլ է»:

Արամ Սարգսյանը կարծում է, որ դա մարդասիրական քայլ է և դրա համար ԱՄՆ դժվար թե պատժամիջոց սահմանի Հայաստանի դեմ:

Back to top button