Քաղաքական

Ովքեր են ՀՀԿ-ի հետ բանակցողները. «Ռադոլուր»-ը՝ վարչապետի մեղադրանքի հետքով


Ո՞ւմ
նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ նախօրեին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «քուչեքում ՀՀԿ հետ բանակցող» քաղաքական ուժերի մասին։

Վարչապետը երեկ տեսակետ էր հայտնել, որ հանրապետականների հետ բանակցողները ցանկանում են Երեւանի ընտրություններում օգտագործել ՀՀԿ- ի ընտրական կեղծ ռեսուրսը, իրենց հերթին խոստանալով, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ թույլ չեն տա։

Կառավարության ղեկավարի մեղադրանքին այսօր արձագանքել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը եւ հենց ուղիղ մեղադրվողը՝ Հանրապետականը, իսկ հասարակությունը եւ ֆեսյբուքյան ակտիվ օգտատերերն իրենց հերթին համացանցը ողողել են ենթադրություններով:

Ո՞վքեր են դիտարկվում կեղծ հեղափոխականներ՝ երեւակայության եւ իրականության հետքերով  գնացել է Ռադիոլուրը:

 

Քաղաքական ուժերն այսօր  հասցեատեր են փնտրել, իսկ քաղաքացիները՝ փորձում կռահել, թե ո՞ւմ էին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատական խոսքերի սլաքները: Մամուլը տարբեր հիմնավորումներ նշելով հիմնական «թեկնածուներ» է դիտարկում  ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Ինչո՞ւ, քանի որ այս ուժերը թավշյա հեղափոխություն իրականացնողների կողքին կանգնեցին ամենավերջին պահին:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ունի իր մեկնաբանությունը, այո, մեղադրանքների հասցեատերը դա կոալիցիոն մաս կազմող ուժերն են: Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է մինչ օրս, դա պայքարելն է նախկին իշխանութունների, Հանարապետականի դեմ՝ շեշտում է Աշոտյանը:

«Երկրի վարաչպետից հասարակությունը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քանի հավերժական պայքարը: Նիկոլ Փաշինյանը ժողովրդական լեզվով ասած, «փուռն է տալիս իր դաշնակիցներին»: Ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող տարբեր քաղաքական ուժերին,  եւ պատրասատ է ամեն ինչ անել, որ ապահովի իր թեկնածուի համար առավելագույն այն ձայները, որոնք իրեն լրացուցիչ  թեւ ու թիկունք, եւ ձայներ  կտան արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելուն»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը չլուծված բազում խնդիրների ֆոնին տեղին չի համարում  պատասխանել՝ թե քուչեքում ՀՀԿ-ի հետ բանակցողներն ովքեր են հարցին: Ու հստակ նշել, որ ՀՀԿ-ԲՀԿ բանակցություն չի եղել ոչ մի ձեւաչափով, առավել եւս՝ զորացրված հանրապետականների հետ:

«Հանրապետականներից որեւէ մեկի հետ մենք բանակցելու ոչ խնդիր ունենք, ոչ էլ  ցանկություն»:

Հասցեատեր են համարում նաեւ «Լույս» դաշինքին՝ ՀՀԿ-ի հետ Երեւանի ավագանու ընտրություններին համագործակցելու համար: Թե որտեղից է գալիս վարչապետի տագնապը նման հայտարարություններ անելու համար «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան չգիտե, ավելին՝ նա այսօր ապշել է, երբ լրագրողները նրանից են հետաքրքրվել՝ թե ո՞ւմ էին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատական խոսքերը:

Մարուքյանը վերջին անգամ ռեստորանում նախօրեին է տեսել Նիկոլ Փաշինյանին՝ Վրաստանի վարչապետի պատվին տրվող ճաշի ժամանակ, իսկ Հանրապետականների հետ ճաշել է՝ պաշտոնական հանդիպումներում միայն:  Անդրադառնալով, Փաշինյանի ելույթին, Մարուքյանը այն համարում է քարոզչություն,  ու հավաստիացնում, որ «իրենց կեղծ հեղափոխականներ ներկայացնողներ» ասելով՝ վարչապետն իրենց նկատի չի ունեցել:

«Ոչ ոք չի մոռացել, որ մենք միակ ուժն ենք եղել, որը հստակ դիրքորոշում է ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Դրանից հետո են մեզ հազարավոր մարդիկ միացել: Եվ այդ օրվանից մինչ օրս անմնացորդ կերպով պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը»:

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչները վարչապետի խոսքերը հստակ ուղերձ են համարում հեղափոխական հայտարարած այն ուժերին, որոնք, այո, քուչեքում բանակցում են Հանրապետականի հետ: Ըստ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանն առանց փաստերի չի խոսում, իսկ հանրահավաքի ժամանակ անուններ չեն հնչել՝ քարոզչական քայլերի հերթականությունից ելնելով:

«Դա հստակ ուղերձ էր համապատասխան ուժերին»:

Նախարարը վստահ է, որ «Իմ քայլը» հաղթելու է ընտրություններում, եւ հարթակից արված հայտարարությունը ընտրական տեխնոլոգիայի մաս չեն կազմում:

Ավելին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի Վահան Կոստանյանը կայքերից մեկին հիշեցրել է  հեղափոխության օրերի քաղաքական խրոնիկան՝ թե՞ երբ եւ ովքեր հեղափոխությունից հետո միացան  ու հայտարարեցին իրենց մոլի հեղափոխական լինելու մասին, որից հետո բոլորն էլ կհասկանան, ո՞ւմ ի նկատի ուներ վարչապետը: Ավելին ասելու կարիք չկա՝ ասել է Վահան Կոստանյանը։ Այժմ ներկայացնենք վարչապետի ելույթից մեկ հատված՝ առանց մեկնաբանության:

«Գնացել են խորհրադարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում, ռեստորաններում են բանակցում: Թե՝ բա տղեք կլինի, այս ընտրություններում  ձեր ընտրական կեղծ ռեսուրսներով մեզ պաշտպաննեք, մենք էլ որ հաղթենք ընենց կանենք, որ խորհրադարանական արտահերթ ընտրութուններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք: Ս-թափվեք գժուկներ»:

Back to top button