ԿարևորՎերլուծական

Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են. Փաշինյանը գրառում է արել Պուտինի հետ հանդիպումից հետո

«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,- Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյան-Պուտին հանդիպումը կարեւորվում էր հատկապես վերջին շրջանի քննարկումներում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ տարաբնույթ եւ իրարամերժ կարծիքների համապատկերում: Վերջին օրերի քննարկումներից տպավորություն էր ստեղծվել, թե հայ-ռուսական հարաբերությունները լարված են եւ, ըստ էության, Փաշինյան-Պուտին հանդիպումը պետք է տա մի շարք հարցերի պատասխաններ հենց այդ մասով: Ոմանց գնահատմամբ՝ այս հանդիպումը կոչված է լինելու հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ինչ-ինչ սուր անկյունների հարթեցմանը:

Մինչ հանդիպումը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել էր, որ հարցերը մեկ-երկուսով չեն սահմանափակվելու: Նրա կարծիքով՝ թե կոնկրետ օրակարգային ի՞նչ հարցեր են ներառված լինելու՝ գաղտնիք է, սակայն կարելի է կռահել, որ խոսք կլինի նաեւ մարտի 1-ի գործի հետ կապված: «Ռուսաստանը հստակ դիրքորոշումներ արտահայտել է, մյուս կողմից էլ՝ արդեն Հայաստանի իշխանությունը, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, որ պատրաստ է եւ ունի իր հստակ դիրքորոշումը, որը թերեւս կարտահայտի»:

Հայկ Մարտիրոսյանը հույս էր հայտնել, որ հանդիպումը կավարտվի փոխըմբռնման մթնոլորտում: «Եթե կան կնճիռներ, կնճիռները կհարթվեն: Վստահ եմ, որ Երեւանում լավ պատրաստված են: Բնականաբար, լավ պատրաստված են նաեւ Ռուսաստանում: Բայց սա պետք չէ դիտարկել որպես հակառակորդ երկրների ղեկավարների հանդիպում, որը լարված է անցնելու, այլ՝ դաշնակից եւ դաշնակից եւ բարեկամ երկրների ղեկավարների հանդիպում, որը կարող է անցնել հարուստ օրակարգով, խնդիրների առաջբերմամբ, բայց նաեւ՝ դրանց լուծմամբ»:

Ցուցադրել ավելի
Back to top button