Տնտեսական

Ինչի շուրջ են պայմանավորվել թլիկցիներն ու կառավարության ներկայացուցիչը

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը կրկին կանգնած է խմելու ջրի խնդրի առաջ: Այսօր համայնքի բնակիչները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պատկան մարմիններից պահանջելով տարիներ շարունակ ձգձգվող խնդրին լուծում տալ:

Առավոտյան Թլիկ համայնք է այցելել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնականը եւ լսել բնակիչների բողոքները:

Թլիկցիներն այսօր առավոտյան ժամը 11-ից շուրջ 45 րոպե փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, եւ այդ կերպ փորձել հրավիրել կառավարության ուշադրությունը տարիներ շարունակ ձգձգվող եւ չլուծվող Թլիկի ջրի խնդրի վրա։

Ինչո՞ւ 45 րոպե. Երեւանից Արագածոտնի մարզ է մեկնել եւ բնակիչների հետ հանդիպել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը։ Խոստացել է սեղմ ժամկետներում ջրի խնդրին լուծում տալ: Հանդիպումից մանրամասներ  «Ռադիոլուրին» փոխանցեց համայնքի բնակիչ Ալիկ Մստոյանը:

«Հիմա պայմանավորվել ենք, որ մոտ ժամկետում հարցը լուծվի: Ժամկետներ չի նշվել, պետք է հետազոտություն արվի, նոր մասնագետները ժամկետների մասին տեղյակ կպահեն: Պետք է համոզվենք, որ այդ արտեզյան հորում ջուր կա»:

Ալիկը նշեց, որ իրենք երկու շաբաթ ժամանակ են տվել գործադիր մարմնին՝ խնդիրը լուծելու համար, այլապես միջպետական ճանապարհը կրկին փակվելու վտանգի առջեւ է: Թլիկցիները երկու ամիս է ընդհանրապես ջուր չունեն: Երկու տարբերակ կա կենսական խնդրի լուծման համար: Թլիկ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, մարզկենտրոնից՝ Թալինից 72 կմ հյուսիս-արևմուտք, հայ-թուրքական սահմանին։

Ինչո՞ւ մանրամասն նկարագրեցի բնակավայրի աշխարհագրական դիրքը, քանի որ այդ դիրքն է երբեմն խնդիրներ առաջացնում թլիկցու համար։ Քանի որ թլիկցիները պոմպակայան են տեղադրել Արաքս գետի մոտ եւ այնտեղից են ջուր վերցնում, որն էլ անընդհատ փչանում է, հոսանքազրկման դեպքում՝ խնդիրներ ստեղծում, ձմռանը սառում, խնդիր է նաեւ հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանպահներից պարբերաբար թույլտվությունը ստանալ՝ տարածքում վերանորգման աշխատանք իրականացնելու համար:

«Հիմա ամառ է չի սառել, բայց պոմպակայանը փչացել է»:

Պոմպակայանից բացի արտեզյան հորից են օգտվում, որը թարմացնելու կարիք ունի, իսկ նոր հորի մասին մտածել անգամ չեն կարող, քանի որ այն 20-30 մլն ներդրում է պահանջում: Ըստ Ալիկի, թավշյա հեղափոխությունից հետո նախարար Սուրեն Պապիկյանը անձամբ է խնդրին ծանոթացել և կարճ ժամանակ անց համայնքին տրվել է 7 մլն դրամ, որպեսզի նախկին ջրի հորը թարմացվի ու գյուղացիները ջուր ունենան:

Զրուցեցինք նաեւ գյուղապետ Սլավիկ Սաղոյանի հետ։ Մեզ վստահեցրեց, որ համայնքն այսօր այդ գումարն ունի, բայց վստահ չեն, որ համայնքում գտնվող արտեզյան հորում ջուր կա։ Պետք է հետազոտում իրականացնել, որի կազմակերպման գործերով էլ զրույցի ընթացքում զբաղված էր գյուղապետը: Թլիկցի Ալիկն իր հերթին ներկայացնելով խնդիրը նշում է.

«Մինչեւ մայիս Արաքս գետից էինք հանում ջուրը, այնտեղ հոսանքի խնդիր կար, ավելի հզոր պոմպ ենք տեղադրել: Հոսանքը չէր բավարարում, որը նույնպես պետք է լուծվի»:

Այսօր թլիկցիները  չունեն ջուր՝ տարրական կենցաղային հոգսերը հոգալու համար։ Շաբաթական մեկ անգամ Թալինից ջրատար մեքենա է գալիս այստեղ, եւ բնակիչները 40 լիտր ջուրը 350 դրամով գնում են: Ալիկի ընտանիքը շաբաթվա համար գնում է 250 լիտր ջուր, այսինքն՝ ամսական խմելու ջրի համար վճարում են շուրջ 8000 դրամ: Ալիկն ասում է, որ իրենք միայն խմելու եւ ճաշի համար կարող են ջուր գնել, լվացքի եւ լողանալու ջուր գնելու համար օլիգարխ պիտի լինեն։

«Մարդ կա 6 կմ, մարդ կա 12 կմ է քայլում մինչեւ գնում ջուր է բերում: Մոտիկ գյուղերին նույնպես ջուրը չի բավարարում»:

Թլիկում այսօր ապրում է 18 ընտանիք: Նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, վաճառում են իրենց անասունների կաթը, իրենց պատրաստած մածունն ու պանիրը։ Բայց ջրի բացակայությունը նաեւ խնդիր է խոշոր եղջերավորներին պահելու համար։ Եթե ջրի հարցը լուծվի՝ նաեւ հող կմշակենք՝ ուրախությամբ ու նաեւ թերահավատությամբ ասում է թլիկցի Ալիկը:

Ցուցադրել ավելի
Back to top button