Հասարակություն

Հայ վարորդները վրացի ոստիկանների հետ տարակարծություններ են ունենում

Ակտիվ հանգստի շրջանում Վրաստան եւ, մասնավորապես, աջարական լողափեր մեկնող հայ քաղաքացիները վերջին շրջանում փոխանցում են իրենց որոշ մտահոգությունները. այդ երկրի տարածքում ենթարկվում են տուգանքների` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:

Սակայն վարորդներից շատերը համաձայն չեն տուգանքի ակտերի հետ, իսկ վիճարկելու առումով խնդիրներ են ունենում, քանի որ կոնկրետ ժամկետում պարտավոր են դիմում ներկայացնել կրկին այդ երկրում:

Զրուցակիցս հաճախ է լինում Վրաստանում. զբոսաշրջային երթուղային փոխադրում է իրականացնում: Հարեւան երկրում երթեւեկության կանոններին տեղյակ է, մինչ այժմ տուգանքների չի ենթարկվել, բացի վերջին օրերին իր հանդեպ կիրառված ակտից` 200 լարիի չափով: Մխիթարը վերապահումով է մոտենում տուգանքի կիրառմանը:

Հայ վարորդը տուգանքի մասին իրեն տեղեկացնող ոստիկաններից փորձել է պարզաբանում ստանալ, սակայն բավարար պատասխան չի եղել: Ոստիկաններին էլ չի բավարարել վարորդի պարզաբանումն այն մասին, որ կրկնակի հոծ գիծը խախտել է ոչ իր մեղավորությամբ, այլ իր ճանապարհը փակած երկու այլ վրացական սմեքենայի: Ոստիկաններն էլ հրաժարվել են տրամադրել իրենց նկարահանումը` փաստելու ակտավորման հիմքը:

Հայաստան վերադառնալուց հետո Մխիթարը փորձել է ձեռնարկել հետագա քայլեր ու պարզել, որ տուգանքի ակտը բողոքարկել Հայաստանից չի կարող: ՀՀ ոստիկանության պարզաբանմամբ` իրենք այս գործընթացում անելիք չունեն. ամեն երկիր այս առումով իր օրենքն ունի: Ինչ է այս դեպքում նախատեսում վրացական օրենսդրությունը` ի պատասխան հայ վարորդների հարցի` «Ռադիոլուրը» հետաքրքրվեց Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը փոխանցեց` քիչ չեն դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիությամբ վարորդները դիմում են իրենց` խնդրանքով` վրացերենով դիմումներ գրել, ուղղորդել, տեղեկացնել, թե ինչ անեն:

Վրաստանում երթեւեկության կանոնների խստացում վերջին տարիներին եղել է, ուստի այս նախադեպը թերեւս հիմք է հայ վարորդների համար` առավել զգոն լինելու: Միաժամանակ Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանն ընդգծում է` եթե հայ վարորդները բախվում են երթեւեկության կանոնները խախտելու համար կազմված տուգանքի խնդրի եւ ակտը անհիմն համարում ու գտնում, որ ճանապարհային ոստիկանը կարող էր ներել, թող դիմեն վրացական ոստիկանական բաժանմունքներ:

Տեխնիկական հարցերում վարորդներին  ընդառաջել պատրաստ է նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Back to top button