Հասարակություն

Ամասիա. հույսեր ու ակնկալիքներ՝ նոր իշխանություններից

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքն այսօր 10 բնակավայր է միավորում: Ղեկավարը  Ջեմմա Հարությունյանն է, ի դեպ, հանրապետության խոշորացված համայնքների  ղեկավարների ցանկում միակ կին համայնքապետը:

Ամասիայից օրերս վերադարձած մեր գործընկեր Ալիսա Գևորգյանը վստահեցնում է՝ կնոջ հոգատար ձեռքի առկայությունն այստեղ ակնհայտ է. մաքուր փողոցներ, լուսավորություն:

Ամենալուրջ խնդիրը, թերև, միջհամայնքային ճանապարհներն են:

 

 

«Ծնվել եմ Ամասիայում ու տեղում մեծացել»,-ասում  է Ամասիայում մեզ հանդիպած առաջին բնակիչը՝ Արթուր Գրիգորյանը: Պարզելով, որ լրագրող եմ, միանգամից ներկայացնում է իր բողոքը:

Ոչ Մոսկվան, ոչ էլ Ամասիան մեկ օրում չեն կառուցվել. 10 բնակավայր միավորող խոշորացված Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասում է, որ համայնքի զարգացման ու բարեկարգման ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարավել հատկապես 2016-ի հոկտեմբերից իրականացված խոշորացումից հետո:

Համայնքի տարածքում այսօր գործում է կաթի վերամշակման երկու արտադրամաս, որոնք հիմնականում լուծում են համայնքների կաթի մթերման խնդիրը:

Ընթացքի մեջ է սպանդանոցի կառուցման աշխատանքը: Ունեն կարի ֆաբրիկա՝շուրջ 90 աշխատատեղով: 2017-ին Ամասիայում բացվել է ռոբոտաշինության կրթական կենտրոնը: Ամասիա շրջկենտրոնում այժմ ակտիվ աշխատանք է տարվում բրդի վերամշակման արտադրամասի կառուցման ուղղությամբ:

Բրդի վերամշակման արտադրամասը Ամասիային կտա շուրջ 40 աշխատատեղ: Ըստ համայնքպետի, արտադրամասի հենքի վրա հետագայում հնարավոր է զարգացնել նաև գործագործությունն ու կտորեղենի  արտադրանքը: Օգտագործվելու են բացառապես բնական ներկանյութեր:

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը կնպաստի նաև Շիրակի մարզում ոչխարաբուծության զարգացմանը: Ջեմմա Հարությունյանի խոսքով, բրդի որակի բարելավման նպատակով տեղական բալբաս ցեղատեսակը խաչասերվելու է կորիդել հայտնի ցեղատեսակի ոչխարի հետ:

Շուրջ 6000 բնակիչ ունեցող համայնքում, իհարկե, ոչ բոլորն են իրենց հույսը կապում նոր արտադրամասի հետ:  Աշիկ Սարգսյանն, օրինակ,  դեռ խորհրդային ժամանակներն է կարոտում, «Ես սովետի մարդ եմ»,-ասում է,-«նորերի հետ ոչ մի հույս չեմ կապում»:

Նորերի հետ Ամասիայում, այնուամենայնիվ, հույս կապողներ կան. կան  հույսեր ու նաև ակնկալիքներ Հայաստանի նոր իշխանությունից:

Այս ամենից զատ նաև արդարության պահանջ կա Ամասիայում: «Ուզում եմ պարզապես հավատալ մարդկանց ու երկրիս վաղվա օրվան»,-ասաց երիտասարդներից մեկը:

Back to top button