Տնտեսական

Խաղողագործների բողոքը շարունակվում է

Արմավիրցի խաղողագործներին այսօր հանդիպել է գյուղնախարար Արթուր Խաչատրյանն ու Արմավիր մարզպետը: Գյուղացիներն առաջարկել են պետության միջամտությունը խաղողի մթերման գործում, մեջբերելով Վրաստանի օրինակը:

Այգեգործներն առաջարկել են նաև հսկողութուն սահմանել թունաքիմիկատների արտադրության և վաճառքի վրա:

Գնի հետ կապված դեռ փոփոխությոններ չկան Գյուղնախարարը գյուղացիների բողոքը կներկայացնի վարչապետին, իսկ  գյուղացիները հույս ունեն, որ նոր իրողությունում իրենք կարող են որևէ բան փոխել:

Պռոշյանի կոնյակի գործարանից արձագանքել են, որ պայմանագրայինգին չի փոխվել:

Խաղողի մթերման ցածր գնով պայմանավորված երեկվանից սկսված խաղողագործների բողոքի ակցիան այսօր շարունակվեց Արմավիրի մարզպետարանի դիմաց: Այգեգործները վրդովված էին կառավարության  երեկվա անտարբերությունից, որոնք չարձագանքեցին և որևէ հայտարարությամբ հանդես չեկան:


«Մենք երեկվանից ունեցանք իշխանությունների անտարբերությունը, բայց նաև ունեցանք Երևանի կոնյակի գործարանի հայտարարությունը, որտեղ  ասված է, որ իրենք չեն կարող 140 դրամից ավելի գնով ընդունել, բայց խոստանում են, որ սրանից հետո գին սահմանելիս հաշվի յկառնեն Հայաստանում պաշտոնապես գրանցված ինֆլյացիան: Իսկ թե որքանով է հավաստի խոստումը՝ չգիտենք»:


Այսօր օրվա սկզբում այգեգործներին լսեցին մարզպետն ու գյուղնախարարության ներկայացուցիչները, իսկ կեսօրին նրանց միացավ նաև գյուղնախարարը: Արթուր Խաչատրյանը պարզաբանեց, որ կառավարությունում երեկվա  հրավիրված խորհրդակցությունը օպերատիվ բնույթ չուներ և կապված չէր  այգեգործների բողոքի հետ:

Մթերող ձեռնարկատերերի հետ հանդիպումը  նախատեսվել էր դեռ մեկ շաբաթ առաջ, որտեղ քննարկվել են ոլորտի զարգացմանն ուղղված խնդիրներ, իսկ խաղողագործների պահանջի վերաբերյալ ասաց, որ կարճ հանդիպում են ունեցել ԵԿԳի ղեկավարության հետ փոխվարչապետի մոտ.  «Փորձել ենք հասկանալ գնին վերաբերող խնդիրները, պատասխանել են՝ մենք ավելի բարձր գին ենք առաջարկել նախորդ տարվա համեմատությամբ և ավել մեծ քանակով ենք ընդունում»:

Պռոշյանի կոնյակի  գործարանի փոխտնօրեն  Վարազդատ Եսայանին զարմացրել էր խաղողագործների կողմից իրենց գործարանի դեմ բողոքը, քանի որ պայմանագրերում հստակեցված է գնային քաղաքականությունը՝ 130-180 դրամ՝ կախված սորտից, որակից, շաքարայնությունից:

Վարազդատ Եսայանն ասաց, որ իրենք Երևանի կոնյակի գործարանի առաջարկած գնի հետ իրենք կապ չունեն և արդեն 15 օր է մթերում են կազմակերպում:  Մթերման գները չեն փոխվել:

Խաղողագործները բացի մթերման գներից բողոքեցին նաև թունաքիմիկատներից, որոնք օգուտ չեն տալիս այգիներին: Այս ոլորտում նույնպես մենաշնորհ է և առաջարկեցին հսկողություն սահմանել  թունաքիմիկատների արտադրության ու վաճառքի վրա:

«Գարաժում արտադրված բուժանյութերը գուաշներ են»:

Գյուղացիները գյուղնախարարին ներկայացրած առաջարկություններում  մեջբերեցին Վրաստանի օրինակը, որտեղ պետության սուբսիդավորմամբ  որոշակիորեն բարձրացել է խաղողի մթերման գինը: Գյուղնախարարը նշեց, որ պետության սուբսիդավորումը ռիսկային գործոն է:

Արդյունքում՝  քննարկման շուրջ որևէ հայտարարի չեկան,  իսկ  այգեգործների բարձրացրած  առաջարկությունները գյուղնախարարը կներկայացնի վարչապետին:

Back to top button