Մշակույթ

Ապագայի «Սասունցիները» երկրորդ կյանք կստանան


Երևանից 25 կմի վրա՝ Արմավիրի մարզում են ապրում անցյալում ստեղծված Ապագայի «Սասունցիները»:

Դրանք նորացվելու կարիք ունեն եւ բարեգործական համերգից ստացված հասույթն ուղղվելու է այդ գործին։

Ինչի մասին է խոսքը, ըստ երեւույթին, այնքան էլ պարզ չէր։  

Արմավիրի մարզի Ապագա գյուղում 1919-ից սկսած ապրում են սասունցիներ, բայց նրանց հետ միասին արդեն ավելի քան 45 տարի նույն գյուղում ապրում են նաև նկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիները»:

Գյուղի մշակույթի տան նախասրահում 1974-ին  նկարչի ստեղծած որմնանկարը Խորհրդային Հայաստանի մոնումենտալ նկարչության բացառիկ գործերից է:

Որմնանկարը զբաղեցնում է նախասրահի 74 քառակուսի մետրը, ավելի քան 18 մետր լայնություն ու 3.5 մետր բարձրություն ունի:

Աշխատանքը երեք մասից է. հորիզոնաձիգ մեծադիր նկարի կենտրոնում պատկերված է ազգային տարազով, մանկանն իր գիրկն առած տիրամայրը, առաջին պլանում ուշադրություն են գրավում բացված «Սասնա ծռեր» մագաղաթյա մատյանը, խաչքարն ու մանկան օրորոցին հենված հրացանը։

Որմնանկարի ձախ մասում պատկերված է  հայ մարտիկների եւ թուրքերի միջեւ մարտ, որտեղ առանձնանում է Զորավար Անդրանիկի խրոխտ կերպարը։ Նկարի աջ մասը սահմանափակվում է Գեւորգ Չաուշի թաղման սգերթի տեսարանով, ուր ֆիդայու կերպարանքով պատկերված է նաեւ ինքը՝ Սարգիս Մուրադյանը։

«Որմնանկարն այնքան մեծ է, որ քեզ աշխատանքի մի մասն ես զգում»:

Հայրենիքի թեման Մարգիս Մուրադյանի ստեղծագործական կյանքում ամենակարևորն էր, հիշում է նկարչի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը:

Թե ինչպես է նկարիչը հայտնվել Ապագայում, Զարուհին չի հիշում, բայց որ հայրը միշտ շատ լուրջ է մոտեցել մնայուն արժեքներին, փաստ է։

Գյուղում որմնանկարին «մեր նկար» են ասում, հպարտանում են։ Թե ինչպես է ստեղծվել որմնանկարը, բոլոր մանրամասնություններով հիշում է մշակույթի տան պահակ Աղվան պապիկը, բայց  Աղվան պապիկի հիշողությունները բառ առ բառ փոխանցում է գյուղապետ Արտաշես Բարսեղյանը:

Որմնանկարը ստեղծելուց հետո՝ 90-ականների վերջին, Զարուհի Մուրադյանը հոր հետ առաջին անգամ է գնացել Ապագա: Մշակույթի տան դուռը փակ է եղել, այդ անգամ որմնանկարը չեն տեսել:

Հաջորդ անգամ՝ արդեն առանց հոր, նկարչի դուստրը որմնանկարը տեսել է, հասկացել, որ ժամանակի ընթացքում վնասվել է, վերականգնման կարիք ունի: Ասում է՝ գյուղացիները սրտացավ են ու լավ են նայում, բայց ժամանակն իրենն ասում է:

Վերականգնող ճարտարապետ Արա Պաոլո Զարյանի ու Զարուհի Մուրադյանի հանդիպումը «Սասունցիներ»-ին երկորդ կյանք տալու հույս առաջացրեց դեռ անցյալ տարի աշնանը:

Այսօր արդեն մի քանի օր է մնացել, որ կայանա բարեգործական համերգը։ Ողջ հասույթը կտրամադրվի որմնանկարի վերականգնողական աշխատանքներին։

Արվեստը կօգնի արվեստին ու դա ճիշտ մոտեցում է՝ վստահ է «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը:

«Արվեստը կօգնի արվեստին ու դա ճիշտ մոտեցում է»:

Սեպտեմբերի 17-ին Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի կունենա «Կադանս»-ի բարեգործական համերգը՝ օգնելու, որ Սարգիս Մորադյանի «Սասունցիներ»-ը երկրորդ կյանք ստանան:

Back to top button