Հասարակություն

«Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման գործընթացում 23.5 մլրդ դրամի չարաշահումներ են կատարվել

ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային
միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:

Վերջինիս, ինչպես նաև դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի
համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ
ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում
ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց
հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի
փոփոխելով Ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների
մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և
չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով
կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

Բացի դրանից, ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված
պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են
երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման
ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման
պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված
առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի և
բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով
բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ
անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական
ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ:

Նաև՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի
բաղադրության և որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև
աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության
իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի
փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների և բետոնյա ծածկույթի
ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել
Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները:

Այդպիսով ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ
կառավարության 2010թ. հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին
ու խնդիրներին համահունչ Ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք
ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված
պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության
շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝
անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ բացի այն, որ
շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ
ճանապարհի կառուցման աշխատանքները և չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների,
հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝
կապված երթևեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ և արագընթաց
ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես
կապերի զարգացմանը խթանելու հետ, նաև գույքային առումով պետության օրինական
շահերին պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Նկատի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում առերևույթ ի հայտ են
բերվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու
և անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ
պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ
քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 16
հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝
նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

Back to top button