Քաղաքական

Ավագանու թեկնածուները խոսում են սպասումներից ու համաձայնություններից

Երևանի ավագանու ընտրությունները շատ կարևոր մի փուլ են, առաջին մեծ փորձությունն են հեղափոխությունից հետո: Սա նկատում են այդ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի եւ դաշինքների ներկայացուցիչները:

Լրագրողների հետ այսօր մասնակից որոշ ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների ժամանակ հնչել է համակարծություն, որ իշխանությունների կողմից կա քաղաքական կամք ամենալավ ընտրություններն անցկացնելու, սակայն, թե որքանով դա կհաջողվի՝ տեսակետները միանշանակ չեն:

Երեւանի ավագանու ընտրությունները բացառիկ մի հնարավորություն է հասարակության համար՝ արտահայտելու իր կամքը: Առանձնացնելով այս հանգամանքը՝ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Նարինե Թուխիկյանը նկատեց, որ առանց արդար և թափանցիկ ընտրությունների մենք տեղից չենք շարժվելու: Դրա համար պետք է պատասխանատու լինեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաև հասարակությունը՝ ասաց.

«Իսկապես շատ լավ է, որ տարբեր քաղաքական ուժեր մասնակցում են: Ժամանակը շատ կարճ է եւ հասարակությունն էլ անելիք ունի՝ ուսումնասիրելու ծրագրերը, ընտրելու այն ուժին, որին կվստահի թե ծրագրային առումով, թե թեկնածուներին հաշվի առնելով, անշուշտ: Այս երկուսը, ենթադրում եմ, որ պետք է համադրվի»:

«Իմ քայլի» ավագանու թեկնածուն հույս հայտնեց, որ հասարակությունն ընտրություն կատարելիս կզանազանի իրական ծրագրերը պոպուլիստականներից: Բոլորս էլ շատ հոգնած ենք խոսքերից, որոնք չեն վերածվում գործի՝ ասաց Նարինե Թուխիկյանը: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ որեւէ թշնամանք չի կարող լինել քարոզարշավի ընթացքում:

«Երեւանի հանրություն» ընտրական դաշինքի ավագանու թեկնածու Արմեն Հովհաննիսյանը, սակայն, նկատելով, որ կա քաղաքական կամք անցկացնելու իսկապես որակյալ ընտրություններ, միաժամանակ հետեւյալ մտահոգությունը հայտնեց.

«Մենք ունենք մտահոգություններ, բայց կասկածի տակ չենք դնում քաղաքական կամքը՝ անցկացնել նորմալ, լավ ընտրություններ: Մենք տեսնում ենք և չենք կարող մեր մտահոգությունը չարտահայտել. կան որոշ տարրեր, որ ստիպում են մեզ մտածել, որ այդ «բարի ցանկությունը» չի կարող իրականանալ»:

Որպես ասածի հիմնավորում «Երեւանի հանրություն» դաշինքի ներկայացուցիչը նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարելն ու ՀՀԿ-ի որոշ քվոտաների պահպանումը տեղական հանձնաժողովներում:

Խոսելով Երևանի ավագանու ընտրություններին կոռուպցիոն մեխանիզմների հնարավոր կիրառման մասին՝ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ չի հավատում, որ եթե ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը չցանկանան տեսնել դրանց առկայությունը, դրանք լինեն: ԸՕ-ի բարեփոխումների հանձնաժողովի համակարգող Դանիել Իոանիսյանի խոսքով, սակայն, միայն քաղաքական կամքը բավարար չէ:

Հուսով ենք, որ այս ընտրություններում քաղաքացիական վերահսկողությունը միակ հուսալի միջոցը չի լինի՝ ասաց առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստվող «Անկախ դիտորդ» դաշինքի  ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:

Ավագանու ընտրությունները կանցկացվեն հին ԸՕ-ով, սակայն, դրանում արդեն նախաձեռնված փոփոխությունների փաթեթի ընդունմամբ, ըստ Դանիել Իոանիսյանի, հնարավոր կլինի օրինականությունը պաշտպանել: Փաթեթն արդեն խորհրդարանում է: Այդ փոփոխություններով քրեականացվում են, օրինակ, ընտրակաշառք տալն ու վերցնելը, ինչպես նաեւ՝ բարեգործության արգելքի խախտումը:

Back to top button