ԿարևորՔաղաքական

Հայկական կողմի համար առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը. Մնացականյան

Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարևոր հարթակ, և վերջինիս հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում»,- այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր ընդունելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Մնացականյանն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու ԵԱՀԿ հետ ակտիվ փոխգործակցությունը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակելԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ:

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ԱԳ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունն է ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա շարունակել երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Նախարար Մնացականյանը հատուկ անդրադարձ է կատարել կառավարության առաջնահերթություններից համարվող զարգացման օրակարգին, որի հիմնական հենասյուներից է նորարարությունը, այդ թվում՝ ստեղծագործ կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունն ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Արտգործնախարար Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։

Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը միջազգային հանրության մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարևոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։ Այդ ուղղությամբ ԱԳ ղեկավարն առաջնային է որակել նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարումը, հրադադարի ռեժիմի խախտումների և ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։

Back to top button