Հասարակություն

Համայնքների խոշորացումից ղեկավարները գոհ են, գյուղացիները՝ դժգոհ

Խոշորացված մի համայնքի պատմություն. Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի նախաձեռնած լրագրողական այցի շրջանակում Ռադիոլուրն օրերս Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում էր:

Ի վերջո, ինչ տվեց համայնքների խոշորացումը, մարդիկ գոհ են խոշորացումից, թե ոչ, ինչ են ակնկալում համայնքի բնակիչները երկրի նոր իշխանությունից. հարցերի պատասխանները՝ ռեպորտաժում:

Շիրակի մարզի 15 համայնք միավորող խոշորացված Մարմաշեն համայնքի կենտրոնը Մայիսյան գյուղում է՝ աշխարհագրական դիրքի ու նաև այն պատճառով, որ Մարմաշենում պարզապես հարմար շինություն չկար  համայնքապետարանի համար:  Համայնքը խոշորացվել է 2017-ի նոյեմբերին, տեղում էինք պարզելու՝ շահեցի՞ն համայնքները խոշորացումից , թե՝ ոչ:

Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար  Կարեն Արշակյանի համոզմամբ, այո, հիմանակում շահեցին, հատկապես փոքր համայնքները. «Բյուջեն ավելի արդհունավետ ենք օգտագործում, տնտեսված միջոցներով կարողանում ենք տարբեր հարցեր լուծել»,-ասում է համայնքապետը:

Մարմաշեն համայնքի ամենացավոտ խնդիրներից են՝ հակակարկտային կայաններ, խմելու ջուր: Համայնքային միջոցներով նման խնդիրները չեն լուծվում, բայց դրանց լուծման ուղղությամբ ինչ-որ քայլեր փորձում են ձեռնարկել:

13  հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքի տղամարդկանց 90 տոկոսը դրսում է՝ արտագնա աշխատանքի: «Նարդի խաղացող չկա անգամ, միանգամից 5-6 տղամարդ հավաքելը դժվար է»,-ասում է համայնքապետը: Նրա խոսքով, ընտանիքների 50 տոկոսից ավելին աղքատության նպաստ է ստանում:

«Շատերը գերադասում են այդ նպաստը, քան, ասենք կիլոգրամը 200 դրամով ազնվամորի հավաքելը»,-դիտարկումը կրկին համայնքապետինն է:

Բիզնես ոլորտից ՏԻՄ տեղափոխված համայնքապետ Կարեն Արշակյանը տարածաշրջանի սոցիալական խնդիրների լուծումը տեսնում է նաև շաքարի գործարանի լիարժեք գործարկմամբ:

«Տարածարջանը, ինչպես խորհրդային տարիներին,  շաքարի ճակընդեղի լավ բերք ստանալու հնարավորություն ունի: Իրացման դեպքում գյուղացին ոտքի կկանգնքի»,-ասում է Արշակյանը: Մարմաշենի կազմի մեջ մտնող Մայիսյան համայնքի բնակիչներն այսօր հիմանկանում ցորեն ու  կարտոֆիլ են ցանում: Ինչպիսին էր այս տարի բերքը, հարցիս, արձագանքում են:

Ցորենը 100 դրամով են վաճառում, գյուղացիների խոսքով՝ սա չափազանց ցածր գին է:

Ցորենը, կարտոֆիլն ու նարդին իրենց տեղում են՝ քաղաքականությունն ՝ իր տեղում: Մայիսյանում ակտիվորեն հետևում են երկրում տեղի ունեցող քաղաքական բոլոր գործընթացներին: Նոր իշխանությունն առայժմ նրանց սրտով է, չեն հիասթափվի, եթե արդարացնի մայիսյանցիների հույսերը:

Ի տարբերություն համայնքապետ Կարեն Արշակյանի, համայնքների խոշորացումից գյուղացիները դժգոհեցին:

Հոգսերին, խնդիրներին ու երկրի քաղաքական գործընթացներին զուգահեռ 15 համայնք միավորող Մարմաշենում կյանքն իր բնականոն հունով շարունակվում է:

Վիճակագրական տարբեր տվյալներով, բայց այստեղ դարձյալ ամուսնություններ են գրանցվում, երեխաներ ծնվում, մանկապարտեզ ու դպրոց գնում: Մարմաշեն համայնքն  այս տարի 97  առաջին դասարանցի ունի:

Back to top button