ԿարևորՀասարակություն

Հեռակա բանավեճ Նիկոլ Փաշինյանի ու Շանթ Հարությունյանի միջեւ

Արդեն 5 տարի անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանը վարչապետից լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն է պահանջում:

Այդ պահանջը Հարությունյանը հայտնել է նամակով՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը:

Ֆեյսբուքյան հերթական ասուլիսում վարչապետը խոսել էր Շանթ Հարությունյանի գործի և ազատ արձակման հնարավորթյունների մասին:

Շանթ Հարությունյանին ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է. այս դիտարկումը Նիկոլ Փաշինյանն արեց  երեկ ֆեյսբուքյան հերթական ասուլիսի ժամանակ: Թեմայի մասին խոսեց բավական մանրամասն,   ասաց, որ վարչապետ ընտրվելուց անմիջապես  հետո սկսել է  զբաղվել այս հարցով՝  փորձելով հասկանալ, թե ինչ օրինական մեխանիզմներ կան Շանթ Հարությունյանին և այդ գործով մյուս դատապարտվածներին ազատ արձակելու համար:

«Մենք գտանք այդ մեխանզիմը, դա հետևյալն էր. երբ այդ դե յուրե դատապարտված անձի փակ ռեժիմը փոխվում է, դառնում է բաց ռեժիմ, որից հետո նրան տրվում է արձակուրդ: Դրանից հետո 24 ժամ նա լինում է ազատության մեջ, պայմանով, որ պարտավորվում է ժամանակ առ ժամանակ գնալ ինչ-որ տեղ և թղթեր ստորագրել:  Շանթ Հարությունյանը հրաժարվել է այդ մեխանիզմից օգտվել, որովհետև արձակուրդի համար պարտադիր է նրա կողմից դիմում գրելը»:

Կառավարության առաջարկած այս մեխանիզմից,  ըստ Փաշինյանի, օգտվել են նույն գործով դատապարտված Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը, Շանթ Հարությունյանը հրաժարվել է այս հնարավորությունից ՝ պահանջելով արդարցնել իրեն:  Դրանից հետո  վարչապետը նաև  հեռախոսազրույց է ունեցել Շանթ Հարությունյանի հետ, փորձել բացատրել առկա հնարավորթւունները:

«Ես նրան խնդրեցի և ասացի, որ ճիշտ կլինի, որ հիմա այդ թուղթը ստորագրի և հայտնվի ազատության մեջ, և ինչպես ես եմ ժամանակին փաստաբանների միջոցով  ՄԻԵԴ-ում պայքարել արդարացման համար, այդ ճանապարհով գնա: Եթե մենք դատական համակարգին հրամաններ չենք տալիս, բնականոն ճանապարհը դա է: Ես նրան ընկերաբար խնդրեցի, ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, իսկ ինքը  քրեակատարողական հիմնարկում: Ես նրան խնդրեցի այդ քայլն անել»:

Վարչապետը վերջում նորից հույս հայտնեց, որ Շանթ Հարությունյանը կանի այդ քայլը և օրինական հնարավորություն կստեղծի իր ազատ արձակման համար: Շանթ Հարությունյանը, սակայն, կարծես հակված չէ այդ քայլը կատարելուն: Նա կալանավայրից  բաց նամակով արձագանքել է վարչապետին ու լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն  պահանջել: Ավելին՝ ակնարկել է, որ վարչապետի խոսքում իր հասցեին ուղղված կշտամբանք կար  ու դրան պատասխանելու հնարավորություն չունի: Ուստի պահանջում է այդ հնարավորություն:

«Եթե Նիկոլ Փաշինյանն իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես իհարկե ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն»:

Շանթ Հարությունյանը հիշեցրել  է, որ նախկինում 2 անգամ նման պահանջ բարաձրացրել է. մեկ անգամ՝ 2008-ին,  մարտի մեկի գործով դատապարտված լինելու հաջորդ անգամ՝  2015-ին, արդեն այն գործի շրջանակներում, որով  դատապարտված է նաև հիմա:

Վարչապետի մամուլի խոսնակ Աման Եղոյանը մեր հարցի ի պատասխան, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդառաջել  Շանթ Հարությունյանի պահանջին, հորդորեց   սպասել իրադարձությունների զարգացմանը: Կոնկրետ պահան ջին նախընտրելով  չանդրադառնալ:

Դատական պրակտիկայում նման նախադեպ, երբ դատապարտյալը հանդիպի լրատվամիջոցների հետ, կարծես թե չկա, Շանթ Հարությունյանը կարող է առաջին նախադեպը դառնալ՝ Ռադիոլուրի հետ զրույցում ազաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա կարծում է, որ իրավական առումով լրատվամիջոցների ու Շանթ Հարությունյանի հանդիպումը կազմակերպելու խոչընդոտներ չկան:

Օգոստոսի սկզբին մի խումբ իրավապաշտպաններ նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով «հետին պլան չմղել» Շանթ Հարությունյանի ու արդարացման գործը,  ընգծել էին, որ այս գործը լավ առիթ է՝ Հայաստանում քաղբանտարկյալների թեման առհասարակ փակելու համար:

5 տարի առաջ՝ 2013-ին Շանթ Հարությունյանն իր համակիրների հետ դուրս էր եկել փողոց՝  «արժեքների հեղափոխության», ոստիկանների հետ բախումից հետո ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին, հարուցված քրեկան գործով դատապարտվեց 14 մարդ:  Շանթ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց  խուլիգանության հատկանիշներով, նա դատապարտվեց  6 տարվա ազատազրկման: Արդեն 5 տարի անազատության մեջ է:

Ցուցադրել ավելի
Back to top button