Հասարակություն

Ավարտական, թե միասնական քննություններ. ԿԳ նախարարի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել


Դպրոցականների ավարտական քննությունները միասնական-կենտրոնացված ընթացակարգով անցկացնելու մասին կրթության եւ գիտության նախարարի հայտարարությունը ոլորտի ներկայացուցիչների ու փորձագետների շրջանում միանշանակ չի ընդունվել:

Շատերը դա շտապողականություն են որակավորում ու կարծիք հայտնում, որ ավարտական արդյունքները խոշորացույցի տակ առնելուց առաջ պետք է կրթական միջավայրը բարելավել եւ պայմաններ ստեղծել որակյալ կրթություն ապահովելու համար:

ԿԳ նախարարությունն այսուհետ  պատրաստվում է ավարտական քննություններն անցկացնել դպրոցից դուրս՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի վերահսկողությամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ներկայիս ավարտական քննությունները ամենևին չեն արտացոլում աշակերտների իրական գիտելիքները:

Մինչ ԿԳ նախարարը  դպրոցների տնօրեններին հորդորում է զգուշացնել աշակերտներին այս փոփոխության մասին, որ մայիսին փաստի առաջ չկանգնեն, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախարարությանն առաջարկում է չշտապել դպրոցների ավարտական քննությունները կենտրոնացված անցկացնելու հարցում։

Կրթության փորձագետը նախընտրում է ստուգման այլ ձևեր, ինչպիսիք են օրինակ տեսչական ստուգումներն ու ԳԹԿ ընթացիկ գնահատումները: Ի տարբերություն Սերոբ Խաչատրյանի՝ ավարտական քննությունները կենտրոնացված անցկացնելու գաղափարին շատ դրական է վերաբերվում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Միայն թե կարծում է, որ մեր դպրոցները դրան դեռևս պատրաստ չեն:

Աննա Ստեփանյանը չէր ցանկանա, որ այդ լուծը դրվեր միայն ավագ դպրոցների վրա: Երեխան հիմնականից  սկսած պետք է  պատրաստված գնա ավագ դպրոց, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց կրթության վարչության պետը:

Back to top button