ԿարևորՀասարակությունՔաղաքական

Հայկ Մարությանի ելույթը՝ բուռն քննարկումների թեմա

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց բուռն քննարկումներն սկսվել են: Նախօրեին «Իմ քայլը» դաշինքը դրամահավաք երեկո էր կազմակերպել, որի ժամանակ ելույթ էր ունեցել դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը:

Քաղաքապետի թեկնածուն մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, որոնք ֆեյսբուքյան շատ օգտատերեր համարում են «դերասանական խաղի» հետեւանք, իսկ քաղաքական գործիչները տեսնում թավշա հեղափոխությունը ստվերող քայլ:

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և սև ուժեր, եւ իրենց թիմի դեմը խաղ չկա:

«Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛ մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»:

Հայկ Մարությանի ելույթը դրանում արտահայտված շեշտադրումները, ըստ ֆեյբուքյան շատ օգտատերերի, որեւէ առնչություն չունեն հեղափոխության արժեքների հետ, քանի որ հեղափոխությունը միավորեց հայ ժողովրդին՝ գրում են օգտատերերը: Իսկ առաջարկվող բարիկադային՝ սեւերի եւ սպիտակների տարանջատումը նմանվում է հայտնի «մաֆիա» խաղին:

Հայկ Մարությանը համացանցի եւ հասարակական բացասական արձագանքից հետո ֆեյսբուքում անդրադարձավ իր ելույթին վերաբերող տարընթերցումներին՝ հայտնելով, որ ինքն անթերի չէ, որ ՀՀ-ում կա  ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է։ Իսկ սեւ ուժերի վերաբերյալ կրկին գրել է, որ տարիներ շարունակ հայ ժողովրդի ազատությունը բռնացողների առաջընթացն անձամբ է կանխելու:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի խոսքերը, բարեկամական խորհուրդ տվեց՝ այլեւս երբեւէ չասել նման նախադասություն, այլապես, այն հեղափոխությունը, որը երկրում տեղի ունեցավ, ուղղակի կդառնա անիմաստ, եթե հասարակությունը կիսվի սեւերի եւ սպիտակների:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայկ Մարությանի հայտարարությունը դիտարկում է որպես սայթաքում: Քաղաքական գործիչը պարզաբանման անհրաժեշտություն է տեսնում նաեւ Մարությանի արտահայտած մեկ այլ հայտարարության մասով:

«Խոսքը վերաբերում է նրան, որ «Իմ քայլը» դաշինքի մեջ հավաքվել են բոլոր այն ուժերը եւ միայն այն ուժերը, որոնք ոչ միայն հեղափոխության են մասնակցել, այլ տարիների ընթացքում պայքարել են:  Մնացածը մեզ համար առանձնահատուկ իրավիճակ չէ, քանի որ մենք շարունակելու ենք մեր պետության եւ քաղաքացիների շահերի սպասարկումը»:


Նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի արձագանքը կարելի է ասել ամենակոշտ էր:

«Անկախ նրանից, թե որքան սուր կարող են լինել մեր հայրենակիցների զգացմունքներն անցյալի սխալների նկատմամբ կամ խորը հավատն ապագայի հանդեպ, անկախ նրանից, թե որքանով կհաջողի ներկայիս կառավարությունը, կամ հիասթափության ալիքի կհանգեցնի այն, որևէ մեկն իրավունք չունի դասելու երևանցիներին սևերի և սպիտակների: Դու քարոզարշավը չսկսած ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը և ցածր բարոյականությունը: Երկրի և քաղաքի ապագայով մտահոգ գործիչը նույնիսկ և հատկապես հասարակության իրական պառակտվածության պարագայում պետք է ջանք չխնայի կամրջելու այդ բացը»:

Պաշտպանության նախկին նախարարի կոշտ գրառմանն արագ արձագանքեց ՔՊ կուսակցությունից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Այո, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու այո հաճոյանալու մասով և հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է»:

Հայկ Մարությանի հայտարարության վերաբերյալ Վիգեն Սարգսյանի գրառումը չի մեկնաբանել Քաղաքացիական պայմանագիր կուսկացության անդամ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասելով, որ ինքը ժամանակ չունի կարդալու Սարգսյանի ստատուսները, իսկ Մարությանի հայտարարությանը պատասխանել է՝ կատակով:

«Ես էս ազգից գլուխ չեմ հանում: Մի տեղ ասում են սեւ ու սպիտակ թող լինի, մի տեղ ասում են սեւ ու սպիտակ չլինի»:

Գրառումներից նաեւ առանձացնեք այն հարցադրումները, որոնք բարձարացրել են համացանցի օգտատերերը: Ո՞վ կամ ովքե՞ր են Հայկ Մարությանի համար գրել երեկվա անհաջող տեքստը, ո՞վ է զբաղվում քաղաքապետի թեկնածուի իմիջով: Ելույթը թիմի մտածողության, արժեքային համակարգի դրսևորո՞ւմ է, թե՞ որոշ մարդկանց դիտավորություն՝ վարկաբեկել քաղաքապետի թեկնածուին, ընտրությունները, հեղափոխությունն առհասարակ։

Ըստ ոմանց էլ, նման բովանդակությամբ ելույթից հետո հասարակության մի հատված իրեն կսահմանազատի հայտարարության հեղինակեց՝ գերադասելով լինել «սեւ ուժ»:

Back to top button