ԿարևորՀասարակություն

Արմեն Սարգսյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուսումնական տարվա առաջին օրվա առիթով այսօր այցելել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքներին, զրուցել սաների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:

Նախագահը հետաքրքրվել է՝ տեղի բնակիչների երեխաների քանի՞ տոկոսն է հաճախում կրթահամալիր, ինչին ի պատասխան Աշոտ Բլեյանն ասել է՝ 25-30 տոկոսը:

Նախագահ Արմեն Սարգսյանին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները մեծ ոգեւորությամբ դիմավորեցին:

Մինչ նախագահի այցը՝ կրթօջախի բակի կանաչապատ տարածքում ծալապատիկ նստած սաներն ամփոփում են ամռան ընթացքում իրենց կատարած աշխատանքները: Նրանց նույն կերպ միանում է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցի մասնաշենքերում, ծանոթացավ կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքների հետ:

Աշակարտների առջեւ ունեցած ելույթում էլ, շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նախագահը արձանագրեց. «Եթե ձեզնից յուրաքանչյուրն իսկապես հավատում է ինչ-որ բանի, ունի ծրագիր իր մտքում, ունի տեսլական եւ պատրաստ է եռանդ ներդնել դա իրականություն դարձնելու, ապա մեկ օր այդ տեսլականը իրականություն կդառնա»:

Հայաստանում ծայր առած փոփոխությունների դինամիկան չպետք է մարի բոլոր ոլորտներում: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարծում է, որ դրա համար մի հնարավորություն կա:

Նախագահ Արմեն Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան կրթօջախի պատանի լրագրողները: Հարցերը բազմազան էին ու բազմաբնույթ: Աշակերտներից մեկն էլ հետաքրքրվեց, թե  ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասաց, որ իր համար դժվար է այսօր խոսել այդ հատկանիշների մասին, ավելի խելացի կլինի, եթե այդ հարցին անդրադառնա 7 տարի հետո՝ իր նախագահական շրջանի ավարտից հետո:

«Որովհետև երկար տարիների փորձառությունը հավաքելով, արված սխալները և հաջողություններն ի մի բերելով, կկարողանամ հստակ պատասխանել, թե որո՞նք են այն հատկանիշները, որոնք նախագահը պետք է ունենա»:

Արմեն Սարգսյանն այսօր այցելեց նաեւ DASARAN կրթական կենտրոն: Նախագահին այստեղ ներկայացվեց մշակված կրթական հարթակը, դպրոցների առցանց կառավարման համակարգը:

 DASARAN կրթական կենտրոնում ուսուցիչների հետ զրույցի ժամանակ էլ նախագահը  կարծիք հայտնեց, որ այսօր կորցրած արժեքների վերագտնելու ժամանակն է եւ դրանցում էական է «մեծատառով» ուսուչիցը:

Back to top button