Քաղաքական

Հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ են և պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից. Նիկոլ Փաշինյան

Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան: Այս մասին վրաց լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում:

Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից:

«Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան, Սամցխե-Ջավախեթի, շատ ջերմ էր: Այդ այցը ցույց է տալիս մեր հարաբերությունների սերտ լինելը: Ես մշտապես ասում էի, նույնիսկ ընդդիմությունում լինելու ժամանակ, որ մեր հարաբերությունը Վրաստանի հետ պետք է լինեն յուրահատուկ, և պետք է աշխատենք այս հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պաշտպանելու համար: Այսպիսին է իմ կարծիքը մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին»,- վրացական Առաջին ալիք ՀԸ փոխանցմամբ՝ ասել է նա:

Վարչապետը հույս է հայտնել, որ նախկինում Վրաստան ունեցած իր այցը ՀՀ-Վրաստան հարաբերությունները կդնի նոր հարթակի վրա

«Մենք անհամբեր սպասում ենք Վրաստանի նոր վարչապետի այցին: Վստահ եմ, որ այդ այցը կլինի շատ արդյունավետ և հաջողակ»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ երկու երկրները կկարողանան առավել հզորացնել հարաբերությունները:

«Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ինչպես գիտեք, այնտեղ ապրում են բազմաթիվ հայեր, և իմ հիմնական ուղերձն այն էր, որ Վրաստանը և Հայաստանը բարեկամներ են, դրացիներ: Մենք եղբայրական ազգեր ենք և չպետք է լինի մեր հարաբերություններին, բարեկամությանը և գործընկերությանը ստվերի տակ դնող որևէ հանգամանք:

Վրաց ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Հայաստանի գործողություններում Վրաստանի նկատմամբ որևէ դավադրություն կամ բացասական նպատակ չկա: Իսկ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի գործողություններում Հայաստանի դեմ դավադրություն և բացասական ասպեկտ չկա: Կարծում եմ՝ մեր կառավարության կոնկրետ խնդիրն է՝ ապահովել այդ բանաձևի իրականացումը և կարծում եմ, այդ բանաձևը կլինի մեր լավագույն հարաբերությունների երաշխիքը: Այսպիսով, մենք կկարողանանք մեր հարաբերություններն առավել հզորացնել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Back to top button