ԿարևորՀասարակություն

Դպրոցի գույներն ու նոր կյանքի պատկերացումները. Սեպտեմբերի 1-ը՝ երեխաների աչքերով

Ինչ պատկեր ու գույներ ունի սեպտեմբերի 1-ը երեխաների աչքերով, ինչպես են պատկերացնում իրենց կյանքում շրջադարձային այս փոփոխությունն առաջին դասարանցիները, գո՞հ են, թե դժգոհ առավոտյան մշտապես վաղ արթնանալու նոր պարտավորությունից, ու առհասարակ՝ ինչպես են պատրաստվել սեպտեմբերի 1-ին: 

Զրուցակիցս Արամն է, ասում է՝ արդեն մեծ է  ու դրա համար է դպրոց գալու: Իսկ դպրոց գալիս է վստահությամբ, որ գիտի, թե քանի թիվ կա աշխարհում՝ 11 ասում է: Դպրոցի բակում երգ է, պար, ծափեր ու զանգի ձայն: Սա Արամի առաջին զանգն է:

Արիանան դպրոց գալու ճանապարհին նախապես մայրիկի հետ հատ-հատ քննարկել է՝ ինչ պիտի անի այնտեղ, ինչպես: Կանխավ պայմանավորվել են, որ մայրիկն իր հետ անպայման դասասենյակ է գալու: Բայց երբ ուսուցչուհին խնդրում է, որ դասարան մտնեն միայն առաջին դասարանցի բալիկները, մի հայացքով արդեն համաձայնեցնում է՝ ինչ պետք է անի:

Չէ որ արդեն մեծ է՝ ամբողջ 6 տարեկան: Ու մեծի պես էլ զրուցում է մեզ հետ, միայն թե լարված է մի փոքր: Ընթացքին միանում է Արիանային ուղեկցող փոքր եղբայրը՝ Անրին, ու վստահ պատմում սպասվելիք դպրոցական կյանքի մասին այն, ինչ իրեն հենց քույրն է փոխանցել:

Հետո արդեն «Ռադիոլուրի» հետ զրույցին միանում են այլ երեխաները ու հասցնում  նկատողություն անել, որ հարցազրույց վերցնելիս նախ իրենց անունները չեմ հարցրել: Փոխանցեմ անունները՝ Միքայել, Վիկտորիա ու նրանց ընկերուհին:

Թող երեխաների պատկերացումներում դպրոցը երբեք որեւէ բացասական  տպավորություն չթողնի: Բարի երթ մեր երեխաներին:

Ցուցադրել ավելի
Back to top button