ԿարևորՔաղաքական

Երկրորդ նախագահը հայտարարել է ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին. քաղաքական դաշտը սպասողական վիճակում է

Քաղաքականություն վերադառնալու մտադրություններ ունեցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ տվեց իր 4-րդ հարցազրույցը, որտեղ նոր ասելիքը թերեւս այն է, որ նա պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Սա ի դեպ, երկրորդ դեպքն է, երբ պաշտոնաթող նախագահը վերադառնում է քաղաքականություն: Առաջինը Լեւոն Տեր Պետրոսյանն է, ով վերադառնալուն պես միանգամից ունեցավ քաղաքական հենարանի՝ ի դեմս ՀՀՇ-ի, ապա աջակցություն հայտնած մեկ տասնյակ քաղաքական այլ ուժերի: Քոչարյանի դեպքում խնդիրը մի քիչ այլ է:

Նա հայտարարում է, որ վերադառնում է, բայց քաղաքական հենարան դեռ չունի: Դա թերեւս կախված է նրանից, որ իր նախագահության տարիներին երբեւէ չի անդամակցել որեւէ կուսակցության՝ պնդելով՝ իր կուսակցությունը ժողովուրդն է:

Այս փուլում, փաստորեն, Քոչարյանի համար առաջնային խնդիրը ոչ թե քաղաքականություն վերադառնալը, այլ թիմ ձեւավորելն է:

 

 

Դեռեւս առանց քաղաքական հենարանի քաղաքականություն վերադարձած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաց է թողնում ավագանու արտահերթ ընտրությունները, բայց պատրաստվում է մասնակցել Աժ արտահերթ ընտրություններին՝ մտադրությունների մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Քոչարյանը:

Ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր պաշտոնաթող նախագահի նոր քաղաքական հավակնությունների մասին:

Վարչապետի հորդորով «Ռադիոլուր»-ն այդպես էլ արեց: Դիմեցինք քաղաքացիներին՝ պարզելու նրանց վերաբերմունքը Ռոբերք Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի առնչությամբ:

Վերադարձ քաղաքականություն հենց այնպես չի լինում: Երկրորդ նախագահի գրասենյակից չեն թաքցնում, որ այս պահին տարբեր հանդիպումներ ու բանակցություններ տարբեր ուժերի եւ գործիչների հետ այո՝ կան: Ավելին չի բացահայտվում: Դեռ սպասողական վիճակում է քաղաքական դաշտը:

Քոչարյանի հավանական քաղաքական հենարանի առումով առաջին հերթին ուշադրությունն ուղղվում է այն 4 քաղաքական ուժերին, որոնք երկրորդ նախագահի ղեկավարման տարիներին համագործակցել են նրա հետ կամ որոնց անունները երբեւէ կապվել են պաշտոնաթող նախագահի անվան հետ:

Որոշակի ընդմիջումներով մշտական կոալիցիոն գործընկերները՝ Հանրապետականը եւ Դաշնակցությունը չեն  հրաժարվում Քոչարյանի հետ համագործակցելու հնարավորությունից՝ ամեն ինչը կախված է պայմանավորվածություններից, նպատակներից եւ օրակարգից: Ավելին՝ Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի համար քաղաքական անտեղյակություն է Քոչարյանին «հանգած հրաբուխ» համարելը:

Քոչարյան-Հանրապետական, թե՞ Քոչարյան-Դաշնակցություն՝ հարցերը պարզաբանում են Վահրամ Բաղդասարյանն ու Արմեն Ռուստամյանը:

Երկրորդ նախագահի հետ որեւէ առնչության մասին լուրերը «Բարգավաճ Հայաստան»-ից շտապեցին հերքել դեռ 3 ամիս առաջ: Կուսակցության հնաբնակներից պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ահա, թե ինչ էին պարզաբանում՝ կուսակցությունը Քոչարյանի կողմից ստեղծելու մասին հարցերին:

Ինչպես իրեն այս հարցում կդրսեւորի «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ հարցի պատասխանը թերեւս հայտնի կդառնա վերջին պահին: Այսօր մեզ չհաջողվեց կապ հաստատել կուսակցությունից որեւէ մեկի հետ:

Քաղաքական դաշտի մյուս «խաղացողներն», իհարկե, ընդդիմության բեւեռը հեշտորեն չեն զիջելու քաղաքականություն վերադարձող նախագահին: Ռոբերտ Քոչարյանի վերադարձից քաղաքական վտանգ չի տեսնում օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ի դեպ, այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Հասկանալի է, որ առիթը օգտագործվեց՝ քաղաքական որոշակի «ազդակներ» փոխանցելու համար: Քոչարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցել է իր «ջերմ» շնորհավորանքները: Այս հեռախոսազանգից նոր պարզաբանումների անհրաժեշտություն առաջացավ:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ չի եղել «մարտի 1-ի» գործով Քոչարյանի քրեական հետապնդմանը: Բայց ամեն դեպքում Պեսկովը նշել է, որ Պուտինն ու Քոչարյանը երկար տարիներ բարիդրացիական հարաբերություններ ունեն եւ այդ հարաբերությունների վրա չեն ազդում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները:

Back to top button