Հասարակություն

Թուրքիայում նվազում է հայկական դպրոց հաճախողների թիվը

Թուրքիայում օրըստօրե հայկական վարժարաններ հաճախող աշակերտների թիվը նվազում է: Նրանք գնալով կանգնում են ֆինանսական մեծ դժվարությունների եւ, ի վերջո, փակվելու վտանգի առջեւ: Նման ահազանգ է «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հնչեցրել Ստամբուլի ազգային վարժարաններից մեկի հայերենի եւ կրոնագիտության 28-ամյա դասավանդման փորձ ունեցող ուսուցչուհի Հռիփսիմե Արզումանը:

Սփյուռքի հայկական կրթօջախների խնդրին վերջերս անդրադարձել էր Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ վստահեցնելով, որ ցանկացած խնդիր, որ բարձրացվում է որեւէ սփյուռքահայի կողմից իր ուշադրության կենտրոնում է:

Նա նաեւ նշել էր, թե պետք է մտածել՝  ինչպես սփյուռքի հայկական կրթօջախները դարձնել մրցունակ, որպեսզի հայ ընտանիքները ձգտեն իրենց երեխաներին տանել հայկական կրթօջախներ:

Թուրքիայի կառավարությունը վերջերս որոշում էր կայացրել, որ յուրաքանչյուր աշակերտ պետք է հաճախի իր բնակության վայրին մոտ գտնվող դպրոց: Իշխանությունների այս որոշումը թեպետ հայերի վրա չի տարածվում եւ նրանք կարող են հաճախել իրենց ցանկացած հայկական վարժարան, այդուհանդերձ, ազգային վարժարաններ հաճախող աշակերտների թիվը գնալով նվազում է, ինչն, ի վերջո, ազգային վարժարաններին կկանգնեցնի փակվելու վտանգի առջեւ:


Մեզ հետ հեռախոսազրույցում այս մասին ասաց ազգային վարժարաններից մեկի հայերենի եւ կրոնագիտության 28-ամյա դասավանդման փորձ ունեցող ուսուցչուհի Հռիփսիմե Արզումանը:

«Դժբախտաբար ասանք նեղություն կա Թուրքիոյ մեջը եւ ասիկա պետք է որ լսելի ըլլա ամենքին ալ»:

Պոլսո Հայոց պատրիարք Արամ Աթեշյանը, մեզ հետ հեռախոսազրույցում, սակայն, վստահեցրեց, որ  ազգային որեւէ վարժարանի փակվելու վտանգի մասին խոսելը տեղին չէ:

Հիմնավորելով իր մտահոգությունը՝ Հռիփսիմե Արզումանը պատմեց, որ ազգային վարժարանները նյութական դժվարությունների պատճառով աշխատանքից ազատում են փորձառու ուսուցիչներին: 54 ամյա ուսուցչուհին ասում է, որ նման իրավիճակի առջեւ է կանգնել նաեւ ինքը՝ ունենալով 28 տարվա փորձ:  Նրա խոսքով՝ հայերենի եւ կրոնագիտության մասնագետների խնդիրը բավականին սուր է Թուրքիայում, սակայն, կարող ու փորձառու փոքրաթիվ մասնագետներն ազատվում են աշխատանքից՝ ազգային վարժարանների նյութական միջոցների անբավարարության պատճառով:  

Տիկին Հռիփսիմեն, սակայն, պնդում է, որ այդպիսի խնդրի առջեւ են կանգնած Թուրքիայում գործող գրեթե բոլոր 20 ազգային կրթական հաստատությունները: Խնդիրների թվում նա ավելացրեց նաեւ մասնագետների պակասը: Նշեց նաեւ, որ երիտասարդները չեն ցանկանում ուսուցչությամբ զբաղվել, քանի որ վարձատրությունը քիչ է: Ասաց, որ շատերն էլ ձգտում են տեղափոխվել այլ երկրներ: Նա շեշտեց նաեւ, որ հայ ընտանիքները դժվարանում են ֆինանսապես օժանդակել  հայկական վարժարաններին: Հայկական վարժարանի նախկին ուսուցչուհին համոզված է, որ խնդիրները կլուծվի, եթե ազգային վարժարանները չհարկվեն: Ասաց, թե դա  բավարար է այդ խնդիրները լուծելու համար:

«Պատրիարքարանի աջակցության հետ կապված շատ մեծ սպասելիք չունեմ»:

Արամ Աթեշյանը, սակայն, ոչ տեղին համարելով ազգային վարժարանների փակման վտանգի մասին խոսակցությունները, մեզ հետ զրույցում նաեւ շեշտեց, որ անգամ դեռեւս առանց գրանցման գործող ազգային վարժարան կա, ինչի վրա կառավարությունը նույնիսկ «աչք է փակել»  մինչ օրս: Սրա հետ կապված, կարծում է, կարող է խնդիր լինել.

Սփյուռքի հայկական վարժարանների խնդրին վերջերս անդրադարձավ նաեւ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Խոսելով, մասնավորապես, Կիպրոսի Մելքոնյան վարժարանի փակման խնդրի մասին:

Սա երկարատեւ խնդիր է, որն, իհարկե, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ եզրափակել էր Սփյուռքի նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button