Քաղաքական

Հին ու նոր անուններ՝ Երեւանի ընտրություններում


Սեպտեմբերի 23-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 9 կուսակցություն:

ԿԸՀ-ն մինչեւ երկուշաբթի ուսումնասիրելու է բոլոր հայտերը եւ սեպտեմբերի 3-ին կհայտնի այն քաղաքական միավորների անունները, որոնց փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին եւ դրանք գրանցվել են:

Այս պահին հասկանանք, թե ինչ պատկեր ունենք ավագանու ընտրություններից առաջ:

 

Քանի դեռ ավանդական սոցհարցումները չեն սկսել, ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ հանրությանը արդեն հայտնի եւ ընտրողի համար նոր անուններ: Հայտնիների մեջ իրենց հերթին կան շատ կամ քիչ շանսեր ունեցողներ:

Առաջին իրողությունը, որ վերջին շրջանում շատ խոսվում էր եւ ապացուցվեց երեկ, այն է, որ միասնական «Ելք» դաշինք այլեւս չկա: «Թավշյա հեղափոխության» հիմնական շարժիչը ընտրությունների գնում է նոր ձեւաչափով: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն» կուսակցությունները եւ հեղափոխությանն ակտիվ մասնակցած անհատներ: 170 հոգանոց ցուցակ է՝ դերասան Հայկ Մարությանի գլխավորությամբ:

«Ելք»-ի կողմերը հաստատում են՝ երկարատեւ քննարկումներ եղել են, բայց վերջնական որոշում չի կայացվել: Առաջինը որոշում է ընդունել «Քաղաքացիական պայմանագիրը»:

«Ելք»-ում մնացած երկու ուժը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը ՔՊ-ի որոշումից հետո վերաձեւակերպվեց եւ ստացավ «Լույս» անվանումը:

Այդ ցուցակը գլխավորում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Սա նոր առիթ է խոսելու «Ելք»-ի փլուզման մասին: Այս թեմայի շուրջ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանն արտահայտվում է զգուշորեն:

Հակառակ սրան՝ ՔՊ-ից տարբեր անհատ գործիչներ, առայժմ արտահայտելով իրենց անձնական տեսակետը, պարբերաբար հայտարարում են, որ հետագայում՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես ՔՊ-ն մասնակցելու է առանձին:

ԲՀԿ, ՀԺԱՄ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Երկիր Ծիրանի», «Ժողովրդավարական ուղի». սրանք այն կուսակցություններն են, որոնց պարբերաբար հանդիպել ենք տարբեր տարիների տարբեր ընտրություններում:

Այս շարքում մի քանի ուժ եւս աշխատում են հիշեցնել, որ «թավշյա հեղափոխության» շրջանում շարժման ակտիվ մասնակիցներից են եւ եղել են ցուցարարների շարքում: Այդպես օրինակ՝ ՔՊ-ի հետ բարեկամական մրցակցության մեջ է մտնելու «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ ասում է կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Որոշակի նախընտրական խնդիրներ կուսակցության ներսում արձանագրեց «Բարգավաճ Հայաստան»-ը: Կուսակցական ցուցակը գլխավորելու համար կար մի քանի հավանական թեկնածու։ Խմորումներից եւ սկանդալից հետո որոշում կայացվեց՝ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը այս անգամ որոշեց չսատարել Գագիկ Ծառուկյանի կողմակիցներին: Զուրաբյանը նույնպես Երեւանի քաղաքապետի հավակնություններ ունի, ուստի ՀՀՇ-ն եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները ստեղծեցին «Երեւանցիներ» դաշինքը:

Բնիկ երեւանցի թեկնածուով մայրաքաղաքի ընտրողների ուշադրությունը փորձելու է գրավել Դաշնակցությունը: Ցուցակը գլխավորում է նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը:

Այժմ հանրության համար համեմատաբար նոր անունների մասին: Հայք (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գեւորգ Հովսեփյանն է: 2016-ին «Ռեֆորմիստներ» կուսակցությունը հիմնադրեց նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը: Այս ընտրությունների գնում են կինոռեժիսոր Արտակ Ավետյանի գլխավորությամբ:

«Երեւանի հանրություն» դաշինքը նույնպես նոր միավոր է քաղաքական դաշտում: Վերջին ամիսների ընթացքում «ԳԱԼԱ» , Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունները եւ «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը միացան եւ վերափոխվեցին «Երեւանի հանրություն» դաշինքի։ Այստեղ ցուցակը գլխավորում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Այս ուժի առաջին պահանջը կապված է ոչ թե քաղաքային խնդիրների, այլ ԿԸՀ հետ՝ պահանջում են Տիգրան Մուկուչյանի հրաժարականը, հիմնավորում է ավագանու թեկնածու Արմեն Հովհաննիսյանը:

Այսքանից հետո հասկանալի է՝ Հանրապետական կուսակցությունը որոշել է չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Որեւէ ուժի սատարելու մասին նույնպես պաշտոնական որեւէ որոշում չի ընդունվել:

Back to top button