Հասարակություն

Անտեսված ինֆեկցիոն բաժանմունքի առեղծվածը

 ,,Արմավիր,,  բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքն արդեն երեք տարի գործում է Մեծամորի հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի մասնաշենքում, առանձին մուտքով: Բաժանմունքի տեղափոխումը պայմանավորված էր կառույցի վերենորոգմամբ: Տեղափոխումից հետո տիպային շենքի միայն տանիքն է փոխվել, շինությունը կիսաքանդ վիճակում է: Ինչ ճակատագիր է սպասվում մասնաշենքին, դեռ անհայտ է:

2015 թվականին Արմավիրի մանկապարտեզներում և դպրոցներում դիզինտերիայի բռնկումների ընթացքում  առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի այցից հետո որոշում էր կայացվել  ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման մասին: Բաժանմունքի վարիչ Անահիտ Հովսեփյանն ասաց, որ շենքային անբարեկարգ պայմանների պատճառով հնարավոր էր ներհիվանդանոցային ինֆեկցիա տարածում լինի, որից հետո իրենց տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց:


Տեղափոխվել էին 4-6 ամիս ժամանակով, սակայն մինչև հիմա մնացել են Մեծամորի հիվանդանոցում, որտեղ պայմանները հարմարեցված են: Նախկին գինեկոլոգիական բաժանմունքի միայն  վճարովի 2 հիվանդասենյակում կա սանհանգույց, մյուսն ընդհանուր է բուժաշխատողների, հիվանդների ու նրանց խնամողների համար:

Արմավիրի հիվանդանոցից ինֆեկցիոն բաժանմունքի հեռու գտտնվելն իր հերթին դժվարություններ է ստեղծում թե բուժական առումով բուժաշխատողների համար, և թե հիվանդների, որոնք ամեն անգամ քաշքշուկների մեջ են հայտվում ՝  ինֆեկցիոն բաժանմունք հասնելու  համար: Նորավան գյուղից մի ընտանիքում միաժամանակ երեք երեխա  աղիքային վիրուսով էին հիվանդացել:


,,Երեխեքին  բարձր ջերմությամբ ու լուծով տարանք Հոկտեմբերյանի հիվանդանոց, սոմատիկ բաժանմունք, բայց այնտեղ ինֆեկցիոն չկար, ասեցին պետք է Ատոմնի տանեք: Ճիշտն ասաց այստեղ գալը մեծ պրոբլեմների հետ է կապված, եթե սեփական մեքենա չունենաս, ահագին գումարներ պետք է ծախսես, որ հասնես Ատոմնի,,:

Ինֆեկցիոն բաժանմունքը բոլոր առումներով կտրված է մայր հիվանդանոցից, այստեղ նույնիսկ բժիշկների գիշերային հերթափոխ չի իրականացվում: Հերթափոխի ժամերին  հիվանդ ընդունելու դեպքում բուժքույրերը բժշկից ցուցումներ են ստանում հեռախոսով:


Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքի վերակառուցումը հանելուկ է կամ գլուխկոտրուկ: Բաժանմունքի տեղափոխման ժամանակ այն քանդվեց, հիմնակառուցվեց տանիքն ու այդպես էլ մնաց մինչև օրս: Նախկինում շշուկներ էին տարածվում, որ բաժանմունքը լուծարվելու է, շենքն էլ վերակազմավորվելու է ախտորոշման կենտրոնի:

,,Մեզ թղթեր բաժանեցին, որ ազատված ենք աշխատանքից, մեր աշխատողները բողոքեցին մարդու իրավունքների պաշտպանին, դիմեցին կառավարություն և առողջապահության նախարարություն, որից հետո մեզ տեղեկացրեցին, որ շարունակելու ենք աշխատել, Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքի շենքի վերանորոգումից հետո՝ կտեղափոխվեն:


Ինչ միջոցներով է հիմնանորոգվել Արմավիրի Բ/կ-ի ինֆեկցիոն բաժանմումնքի տանիքն ու ինչու չի շարունակվում շինարարությունը: Տեղեկություններ կան, որ ինֆեկցիոն բաժանմունքի հիմնակառուցման նպատակով պետական բյուջեից 51 մլն դրամ գումար է հատկացվել: Ինչն է ձգձգման  պատճառը, ռադիոլուրի դիտարկմանն Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ասաց.

,,Ինձ նույնպես ասել են, որ ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման համար 51 մլն դրամ է հատկացվել, բոլոր տեսակի փաստաթղթերն ուսումնասիրել եմ, ես այդպիսի գումար, այդպիսի որոշման մասին, համենայնդեպս, ինձ չեն ներկայացրել,,:


Հարցի պատասխանը կտրվի առողջապահության մոնիտորինգի արդյունքում, որն այժմ իրականացնում է հատուկ աշխատանքային խումբը: Որպես առողջապահության կառավարման համակարգի մասնագետ Գագիկ Միրիջանյանը ինֆեկցիոն ծառայության բարելավման մի քանի լուծում է տեսնում.

,,Կամ պետք է  Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքը փակվի, կամ Մեծամորից  պետք է վերադառնա Արմավիր, կամ պետք է ամբողջ մարզում փակվի կենտրոնանա մի տեղ, դա լինելու է հանրային քննարկման արդյունքում,,:

Երեք  տարի անտեսված բաժանմունքը Մեծամորի հիվանդանոցում  չունի նաև մուտքի կարգավորված ճանապարհ, այն   հողային թեքությամբ է: Անբարենպաստ եղանակներին՝ անձրևին, ձյանն ու սառույցին, հիվանդներն ու բուժաշխատողները հատուկ հնարքների տիրապետելով են հաղթահարում ճանապարհն ու մտնում բաժանմունք, որպեսզի վնասվածքներ չստանան:

Back to top button