Տնտեսական

Հայրենական փոքր բիզներսը՝ մաքսազերծման թանկացած գների դիլեմայի առաջ


ՀՀ մանր եւ միջին գործարարները վերջին շրջանում բախվել են լուրջ խնդիրների, ինչի պատճառով ոմանք արդեն երկընտրանքի առջեւ են՝ շարունակե՞լ զբաղվել բիզնեսով։ Խնդիրը կապված է մաքսազերծման համար նախատեսված գների թանկացման հետ: Ռադիոլուրն այսօր փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում այդ դաշտում:

 

 

<<Ռադիոլուր>>-ին դիմած ՀՀ քաղաքացին, ով 2007 թվականից զբաղվում է մանր առեւտրով այս տարի առաջին անգամ կանգնեց լուրջ խնդրի առաջ: Խնդիրը կապված է ապրանքների մաքսազերծման հետ: Բազմաթիվ մանր եւ միջին գործարարներ արդեն բախվել են դժվարությունների եւ դիմել են ԱԺ: <<Ծառուկյան>> խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անգամ կառավարությունից հրատապ քննարկում է պահանջում՝ հարցը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար:

Գործարարներն ասում են, որ մաքսազերծման հստակ գին երբեւէ չի գործել՝ անբացատրելի տատանումները եղել են միշտ: Դրանից կախված են եղել գների տատանումները ներսի շուկայում կամ գործարարի վնասները, եթե ինքը մաքսազերծել է թանկ գնով, իսկ մյուս գործարարի դեպքում նույն ապրանքի մաքսազերծման գինը հանկարծ նվազել է:

Մեր զրուցակցի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Մտավախություն ունի՝ խուսափում է հետագա բարդություններից, քանի որ աշխատում է ավելացված արժեքի հարկման դաշտում:  Բայց ասում է՝ այսպես շարունակվել չի կարող: Ապրանքների մաքսազերծման գնի թանկացումը բերելու է հստակ խնդիրներ:

Գործարարներին անհրաժեշտ է հասկանալ նաեւ պետության մյուս տրամաբանությունը, թե ինչու տարբեր ապրանքների մաքսազերծման համար համատարած կիրառվում է միեւնույն գինը՝ 1 կիլոգրամի դիմաց 5 դոլար 2 ցենտ:

Խնդիրն առաջացել է գործարարներին օրենքի դաշտ վերադարձնելու հետ՝ պարզաբանում են պետական մարմինները: Պետեկամուտների կոմիտեից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Չի բացառվում, որ վաղը կառավարության նիստից հետո Դավիթ Անանյանը անձամբ կանդրադառնա այս խնդրին: Իսկ մինչ այդ՝ տարբեր պետական կառույցներից մեր ունեցած տեղեկությունն այն է, որ սեպտեմբերին արդեն պատրաստ կլինի փոփոխված <<Հարկային օրենգիրքը>> նախագիծը, որը ներկայացվելու է ԱԺ:

Այդ փաստաթղթով լուծման ենթակա խնդիրներից է նաեւ տարբեր ապրանքների մաքսազերծման դեպքում սակագների տարբերակված մոտեցումը: Պետական կառույցներից մեզ պատասխանում են, որ իրենք էլ շահագրգռված չեն, որ մաքսազերծումը տեղի ունենա թանկ գներով, պարզապես դեռ գործում է հին օրենքը: Այս դեպքում գերթադասելի է, որ գործարարները շարունակեն աշխատել, օգուտ ստանան եւ իրենց եկամուտներից հարկ վճարեն պետությանը:

Back to top button