Հասարակություն

«Ջուրը դեռ կեփենք կխմենք, աշխատանքի փոխարեն ինչ եփենք. Փանիկն ու փանիկցիների խնդիրները

Հուլիսյան օրերին Շիրակի մարզի Փանիկ համայնքն ուշադրության կենտրոնում էր հայտնվել ռուսական 102-րդ ռազմաբազայի զորավարժությունների պատճառով. Գյումրիի ռազմաբազայի զինծառայողները, առանց պաշտոնական գրության ու նախազգուշացման, զորավարժություն էին անցկացրել համայնքի վարչական տարածքում, հնչել էին կրակոցներ՝ վախեցնելով  բնակիչներին, հատկապես երեխաներին:

Ռադիոլուրի ուշադրության առանցքում այսօր ոչ միայն այդ միջադեպից տուժած համայնքի ճանապարհներն են, այլև Փանիկի սոցիալական ու մյուս խնդիրները:

Հայաստանում միգրացիոն քաղաքականության  միջազգային կենտրոնի  նախաձեռնած լրագրողական այցի շրջանակում Ալիսա Գևորգյանն էր օրերս Փանիկում:

Շիրակի մարզի Փանիկ համայնքում ենք. նույն Փանիկում, որտեղ հուլիսի 17-ին ռուսական ռազմաբազայի, այսպես ասած, չհայտարարված զորավարժության պատճառով իսկական իրարանցում էր:

Առաջին հայացքից խնդիրը կարծես հարթվեց, բայց մնացին հետևանքները. ռուսական ռազմաբազայի ծանր տեխնիկայից վնասված ճանապարհները, որոնց վերանորգման խնդիրն, ըստ համայնքապետ Վարդան Մակեյանի, ինչպես միշտ՝ համայնքի ուսերին է:


Արթիկի տարածաշրջանի Փանիկ համայնքն ունի 780 տնտեսություն, 3250 բնակիչ: Քանիսն են նրանցից պարբերաբար մեկնում արտագնա աշխատանքի, հարցին համայնքապետ Մակեյանն արձագանքում է՝ դա մեր երկրի, առավելևս Փանիկի ամենացավոտ խնդիրն է:


Գնացողը գնում է,  մնացողը զբաղվում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, որը սակայն տեղացիները եկամտաբեր չեն համարում: Ունեն ոռոգման ու խմելու ջրի խնդիր:  Մշակովի հողատարածքներն էլ այստեղ շատ չեն, եղածն էլ անջրդի է: «Խմելու ջրի որակն էլ մի բան չէ»,-դժգոհում է համայնքապետը


Այդուհանդերձ, համայնքը բարեկարգ է: Աշխատանքն առաջին իսկ հայացքից տեսանելի է. դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, բարեկարգ եկեղեցի, անգամ գիշերային լուսավորություն, մի բան, որին հազվադեպ կհանդիպեք հայաստանյան համայնքներում: Համայնքի բարեկարգ զբոսայգում էլ փանիկցիները նստած նարդի են խաղում: Լիարժեք երջանկության համար, սակայն, փանիկցիներին պակասում է, թերևս, ամենակարևորը՝ աշխատանքը:


Ինչպես համայնքապետ Մակեյանը, այնպես էլ մյուս փանիկցիները դժգոհեցին խմելու ջրի որակից: «Խմելու բան չի»,-ասաց փանիկցիներից մեկը՝ միաժամանակ հավելելով.

«Ջուրը դեռ կեփենք կխմենք, աշխատանքի փոխարեն ինչ եփենք»:

Back to top button