ԿարևորՀասարակություն

Սեւանից լրացուցիչ ջրառ անելու նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Խորհրդարանն այսօր  68 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է Սևանից լրացուցիչ ջրառ իրականցնելու մասին օրիանգիծը: Դեմ է քվեարկել միայն մեկ  պատգամավոր: Նախագիծը  կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի միակ օրակարգային հարցն էր:

Սևանից  ջրի բաց թողնման առավելագույն քանակն, ըստ  օրենքի , 170 մլն խորանարդ մետր է: Կառավարությունն առաջարկում է ամրագրված չափաքանակն ավելացնել 40 մլն խորանարդով  և նախաձեռնությունը բացատրում է տարվա սակավաջրությամբ, ոռոգման ջրի դեֆիցիտով:

Արտահերթ նստաշրջանի մեկնարկից առաջ  Ազգային ժողովի շենքի մոտ Սևանի խնդրով մտահոգ բնապահպաններն են: Ինչպես դեպքերում Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախորդ բոլոր առաջարկների  քննարկման ժամանակ,  այս անգամ էլ խորհրդարանից  պահանջում են  հավանություն չտալ հավելյալ ջրառին: Ի պաշտպանություն Սևանի «S.O.S.» հնչեցնող  բնապահպանների շարքերը խիտ չեն,  սպասելիքները մեծ չեն, բայց  մտահոգությունները  շատ  են:

Սևանից հավելյալ ջրառ իրականցնելու թույլտվություն կառավարությունը խորհրդարանից խնդրում է արդեն 5-րդ անգամ: Ճիշտ այդքան անգամ փոխվել է լճի էկոհամակարգի վերականգնման,  պահպանման  հարցերին վերաբերող օրենքը, որով հստակ արմարգրվում  է. Սևանից ջրի բաց թողնման առավելագույն չափաքանակը 170 մլն խորանարդ մետրն է:

Գործադիրը, սակայն,  նախորդ տարիներին չի կարողացել տեղավորվել այդ սահմաններում ու մի քանի անգամ լճց հավելյալ  ջրաքանակ բաց թողնելու խնդրի առաջ է կանգնել: Առաջին անգամ՝ 2008-ի ամռանը  օրենքը փոխվել է միանգամից 2 անգամ՝ հունիսին  սահմանվել է, որ  հավելյալ 70 մլն խորանարդ մետր ջրի կարիք կա, օգոստոսին այդ թիվը դարձել է 190: Լրացուցուցիչ ջրառ իրականացվել է նաև 2012-ին, 2014-ին և վերջինը նախորդ տարի՝ 100 մլն խորանարդ լրացուցիչ ջրի  հայտ է ներկայացվել: Հիմա կառավարությունը հավելյալ 40 մլն խորանարդ մետրի կարիք է տեսնում:  Նախագծում նշված է՝ մինչև 40 մլն:

«Մինչև 40 մլն ասվածը պատահական չէ: Այդ ջուրը բաց է թողնվելու փուլերով, մենք ամեն ինչ անելու ենք, որ առաջաին փուլի համար նախատեսված 25 մլն-ը չգերազանցենք, եթե իհարկե ամառն իր լիազորությունները շատ չչարաշահի»:

40 մլն խորանարդը հիմնավորված թիվ է՝ ասում է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը,  նշում, որ ոռոգման համակարգն անցել է  խնայողական ռեժիմի, 120 մլն խորանարդի պահանջարկն իջեցվել է մինչև  40 մլն, բայց դրանից խուսափել հնարավոր չի եղել:

Նախաձեռնության հիմքում նույն հիմնավորումներն են՝  տարին  սակավաջուր է, ոռոգման ջրի դեֆիցիտ կա: Մտահոգությունները նույնպես նույնն են, դրանցից շատերը հնչել են նախորդ քննարկումներին:  Լրացուցիր ջրառը վտանգում է լճի էկոհամակարգը,  ջրի կորուստները  չեն նվազում, ոռոգման համակարգի  խնդիրները չեն լուծվում:  Տարբերությունն այն է, որ նախորդ տարիներին այս մտահոգությունները բարձրացնում էր  ընդդիմությունը, որն այսօր իշխանաթյուն է,  հիմա՝ նախկին իշխանությունը:

«Հիմա դուք տեսաք, որ Սևանի նկատմամբ սիրո և համերաշխության զգացողություններից բացի կան նաև ոռոգման խնդիրներ, գյուղացիների առջև կան պարտավորություններ: Դուք վերջապես դառնում եք պետական մտածելակերպ կրող պատասխանատու չինովնիկներ»:

Արմեն Աշոտյանը մեծ գայթակղություն ուներ՝ հիշեցնելու հատվածներ այն  ելույթներից, որոնք նախորդ տարիներին Սևանին վերաբերող  քննարկումների ժամանակ արել են այսօրվա իշխանության ներկայացուցիչները՝ որպես ընդդիմադիրներ: Բայց բավարարվեց հորդորով:

Տեղից Աշոտյանին հակադարձողը  Սասուն Միքայլեյանն էր: Պատասխան ելույթներ հնչեցին նաև ամբիոնից:

Քվեարկությունց առաջ խմբակցության  դիրքորոշում հայտնեց միայն ՀՀԿ-ն: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նոր ընդդիմությունը նախկինների պես չի վարվի:

ՀՀԿ-ն կողմ քվեարկեց նախագծին: Դեմ էր ընդամենը մեկ պատգամավոր՝ ՀՀԿ-ց Սամվել ֆարմանյանը: Նա, ի դեպ, նիստի մեկնարկից առաջ քաղաքական հայտարարություն էր արել ՝ անդրադառնալով   քրոջ՝ Գյումրիի պետական համալսարանի  նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին և այն  շինծու որակելով:

Ըստ  Շիրակի մարզի քննչական վարչությունում քննվող գործի՝ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանքն առաջադրվել է խարդախության հատկանիշներով։

Back to top button