Վերլուծական

Փաշինյան-Բաբլոյան հանդիպումը՝ քաղաքական բանակցությունների սկիզբ


Երեկ կայացել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել ԱԺ նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությամբ:

Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են, որ անկախ քաղաքական հայացքներից ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք:

Հանդիպման արդյունքում, ըստ էության, արձանագրվել է նաեւ փոխհամաձայնեցված մոտեցում՝ անցումային արդարադատության եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, որոնց մասին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր օգոստոսի 17-ի հանրահավաքում:

Պետությունը էստաֆետ է սիրում: ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքական մշակույթը պահանջում է խորքային վերանայումներ, ինչի համար Բաբլոյան-Փաշինյան հանդիպումն ու հայտարարությունը լավ առիթ է.

«Շատ լավ առիթ է մի քիչ «հետ դնելու» այն փակուղային ճանապարհից, որ տանում էին իշխանությունները ե՛ւ ներքին քաղաքականությունը, ե՛ւ, առհասարակ, քաղաքական մշակույթի ստեղծումը»:

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀԿ-ում հայտարարությունն ընկալում են իրենց տրամաբանությամբ եւ խուճապի մեջ են:

«Երբ որ ես հայտարարությունը կարդացի, ես որեւիցե նոր բան եւ փոփոխություն չգտա դրա մեջ: Այն ինչ ասվել է, ասվել է հստակ եւ ժողովրդի հավանությունը ստացվել է  այդ ասվածի հետ կապված»:

Խուճապի մատնվելու բան չկա, այն ինչ գրված է օրենքում ՀՀ-ում, դա ի կատար է ածվելու՝ անկախ այն բանից, թե ում է դա վերաբերում՝ եզրափակեց «Ելք» խմբակցության պատգամավորը:

Վարչապետն ու ԱԺ նախագահը հայտարարությամբ արձանագրել են, որ անկախ քաղաքական հայացքներից Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք, նշել են դատարանների անկախության մասին, որ որեւէ կերպ չպետք է խաթարվի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանումն ու հավասարակշռման մեխանիզմը։

Արձանագրվել է, որ «անցումային արդարադատության» եւ խորհրդարանական նոր ընտրությունների համար Սահմանադրական փոփոխության անհրաժեշտության հարցը պետք է լայն հանրային եւ քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպումն ու հայտարարությունը մեկ բան են նշանակում՝ քաղաքական ուժերը նստում են բանակցությունների, քանի որ առանց բանակցությունների, միեւնույնն է, ոչ մի բան չի լուծվի.

«Կոնկրետ կարող եմ ասել, որ սա բանակցությունների սկիզբ է: Այս հանդիպումը փաստում է մի բան՝ երկու կողմերը պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ»:

Ինչ պայմանավորվածություններ կլինեն՝ դժվար է ասել: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ թե ինչի շուրջ կպայմանավորվեն, առայժմ դա չգիտեն նաեւ բանակցողները:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո կողմերի միջեւ «հնչած փոխհրաձգություններից» հետո, ակնհայտ էր, որ ամեն ինչը պետք է ավարտվեր բանակցություններով:

«Երեկ այդ բանակցությունը պաշտոնական մակարդակով սկսվեց, որի արդյունքում, կարծում եմ, արձանագրվել է իրավիճակի փոքր-ինչ մեղմացում: Կարծես թե, կողմերը եկել են որոշակի պայմանավորվածությունների՝ որոշ չափով հեռանալով իրենց նախնական պահանջներից: Դա վերաբերում է ե՛ւ Սահմանադրության փոփոխության դրույթին, որը առաջ քաշվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ե՛ւ  «անցումային արդարադատության» անցնելու գաղափարին: Ես կարծում եմ, որ հիմա կողմերը եկել են մի հանգրվանի, երբ երկկողմանի երաշխիքներ են ստացել՝ ինչ-ինչ հարցերի շուրջ»:

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ստացվել են երաշխիքներ՝ ԱԺ նոր ընտրությունների անցկացման հետ կապված, իսկ մնացածը՝ անցումային արդարադատության եւ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված արձանագրումները բխում են պայմանավորվածությունները չկատարելու վտանգից:

«Դատելով հայտարարության տեքստից՝ ինչ-ինչ երաշխիքներ, կարծես թե, կան, որը ստիպում է, որպեսզի նաեւ վարչապետը մեղմացնի իր պահանջները, համենայնդեպս, իր հայտարարած դրույթների գոնե կատարման ժամկետները»:

Բաբլոյան-Փաշինյան երեկվա հանդիպմանն ու հրապարակված հայտարարությանը անդրադառնալով՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցին:

«Հանրապետականը այդ ուղղությամբ որեւէ քննարկում չի արել: Խորհրդարանը ընտրվել է մինչեւ 2022 թվականը: Այն կպաշտոնավարի մինչեւ 22 թ.-ը, թե կլինեն արտահերթ ընտրություններ՝ կախված է քաղաքական ուժերի բանակցություններից, կախված է ներքաղաքական ու արտաքին քաղաքական մարտահրավերներից եւ այսօր ես պատրաստ չեմ դրա մասին սպառիչ ու վերջնական պատասխան տալ»:

Բաբլոյան-Փաշինյան հանդիպումն էլ, Շարմազանովի ձեւակերպմամբ, եւս մեկ անգամ ի ցույց դրեց, որ ԱԺ-ն առանձին իշխանության ճյուղ է եւ ունի իր օրակարգը. կառավարության գործընկերն է, բայց ոչ երբեք կցորդը՝ ասաց, ապա շեշտեց, որ իրենք պատրաստ են նստել եւ երկխոսել ցանկացած հարցի շուրջ, բայց ոչ երբեք ընդունել նրանց գերակայությունը օրենսդիր մարմնի նկատմամբ:

Վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ ողջունելով այն և դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները:

Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով:

Back to top button