Հասարակություն

Ասորական համայնքի ուխտի օրը՝ համերաշխության յուրօրինակ խորհրդանիշ

Արզնիի ասորական համայնքն այսօրվանից նշում է համայնքի ուխտի օրը: Մեկնարկը տրվում է երեկոյան ժամերին:

Օգոստոսի 28-ը տոնի գագաթնակետն է: Արզնու ուխտի օրն այն ավանդական բացառիկ միջոցառումներից է, որը համախմբում է ասորական ընտանիքներին: Որտեղ էլ, որ լինեն Արզնիի ասորական համայնքի ներկայացուցիչները՝ ավանդական դարձած ուխտի օրը շտապում են Արզնի՝ հարազատների հետ տոնելու օգոստոսի 28-ի ուխտը:

Ասորական համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ մեծ սիրով են պատրաստվում նշելու այդ օրը, որը նվիրված է սբ Աստվածածնին:

Տոնին Արզնու ասորական համայնքը սկսում է պատրաստվել մեկ շաբաթ առաջ: Տոնը համարվում է նաեւ Արզնու ուխտի օր:

Տոնի ամենամեծ խորհուրդն ունի օրվա մատաղը: Ամբողջ գյուղով գնված մատաղացու ցուլը առավոտյան 7 անգամ երգի, երաժշտության ու պարի ուղեկցությամբ պտտում են եկեղեցու շուրջ, ապա հոգեւոր առաջնորդը օրհնում է այն, որից հետո այն մորթում են, ապա՝ բաժանում բոլորին: Նույն կերպ՝ կարող են գառ կամ աքլոր մատաղ անել առանձին ընտանիքներ:

Արզնու ասորական համայնքի կողմից նշվող Աստվածածտնի ուխտն այն բացառիկ տոներից է, որ համախմբում է ասորական ընտանիքներին, ապա նաեւ՝ ամբողջ գյուղը: Տոնի հետ կապված մանկական քաղցր հիշողություններն, օրինակ, ամեն տարվա օգոստոսի 28-ին Սանկտ-Պետերբուրգից Արզնի են բերում Լուիզային: Պարտադիր գալիս է ընտանիքով:

Արզնու համայնքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Միրզոեւն ասաց, որ թեպետ տոնը ասորական է, սակայն, այն միավորում է բոլորին՝ Արզնիում ապրող, հայերին, ռուսներին, մալականներին եւ դարձել է համերաշխության յուրօրինակ խորհրդանիշ:

Համայնքում նույն խնդիրներն են, ինչ Հայաստանի շատ  այլ գյուղական բնակավայրերում՝ մեզ հետ զրույցում նկատեց Ալեքսանդր Միրզոեւը: Հավելեց, որ ասորական համայնքն էլ մեկուսացած չէ եւ  Հայաստանում իրեն լավ է զգում. շատ հայ եւ ասորի երիտասադներ էլ համատեղ ընտանիքներ են կազմում՝ էյ ավելի ամրապնդելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Back to top button