ՀասարակությունՏնտեսական

Չեղյալ կհամարվի՞ Ամուլսարի շահագործումը

Ընդերքի տեսչական մարմինն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել բնապահպանության նախարարության փորձաքննաական եզրակացությունը:

Այն Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունն է ըստ էության:

Հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիները սա հաղթանակ, իսկ Լիդիան Արմենիայում՝ ականջահաճո որոշում են համարում:

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը  նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա առաջարկում է   ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:  Այսօր տարածած հաղորդագրությունում առաջարկվում է  հետևյալը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը»:

«Ռադիոլուրի» հետ զրույցում արդեն երկու ամիս Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարողներից Վազգեն Գալստյանը սա հաղթանակ է համարում:

«Լիդան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգման արդյունքների վերաբերյալ որոշում ուներ, որտեղ տրված են հասարակությանը հուզող բոլոր  հարցերի պատասխանները՝  արձանագրվել են փոքր խախտումներ՝ վարչական պատասխանատվությամբ:  Այսօր հրապարակած հաղորդագրությունը զրուցակիցս ականջահաճո է բնորոշում:

Մելքումյանը վստահեցնում է՝ իրենց աշխատակիցները  ճանապարհ չեն փակել: Պարզապես խցանումներ են եղել, քանի որ  ճանապարհները փակ են:

Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ու  դեպի հանքավայր տանող ճանապարհները փակած քաղաքացիների միջև բախումներ են  տեղի ունեցել:

Օգոստոսի 13-ին, երբ Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռեանը խոստացավ 12 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարել վերջնական եզրակացության մասին:

Back to top button