ԿարևորՀասարակություն

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացիների

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ծառայության ընթացքում սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է երկու անհայտ անձի, ովքեր փորձել են լողալով անցնել Արաքս գետը:

Մի քանի ժամ անց անհայտ անձինք հատել են պետական սահմանը և փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահներին հաջողվել է հետապնդել սահմանախախտներին և ձերբակալել նրանց:  Ձերբակալման ընթացքում սահմանախախտները փորձել են դիմադրել, սակայն սահմանապահները կարողացել են չեզոքացնել նրանց:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ սահմանախախտները Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին, որոնք կպարզեն հայ-թուրքական սահմանը խախտելու  նպատակները:

Back to top button