Կարևոր

Պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ Մերկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգարժան տիկին կանցլեր, տիկին Անգելա Մերկել,

զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,

տիկնայք և պարոնայք,

ինչպես գիտեք, սա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի երբևէ տեղի ունեցած առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Այս առումով արդեն այցը կարելի է պատմական որակել, և այս հանգամանքն առավել ընդգծվում է այն ժամանակաշրջանում, որում տեղի է ունենում. ես նկատի ունեմ՝ Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարական փոփոխությունները:

Ուրախ եմ, որ մենք տիկին կանցլերի հետ շատ բովանդակալից քննարկումներ, բանակցություններ ունեցանք, որոնք վերաբերում էին Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հարցերին, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին: Ուրախ եմ արձանագրել, որ այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն:

Դուք գիտեք, որ Գերմանիան Հայաստանի առևտրատնտեսական երրորդ գործընկերն է աշխարհում իր առևտրաշրջանառության ծավալով և առաջինը՝ Եվրոպայում: Մենք հույս ունենք, որ այդ համագործակցության ծավալները ոչ միայն քանակական, այլև որակական առումով էական փոփոխություններ կկրեն: Մենք քննարկեցինք և եկանք համաձայնության հետևյալի շուրջ. մենք այս այցի արդյունքներով կոնկրետ գործողությունների համատեղ օրակարգ կունենանք, որոնք կվերաբերեն ամենատարբեր ոլորտներին և կոնկրետ աշխատանք կիրականացնենք այդ օրակարգի հարցերը  քննարկելու և իրականություն դարձնելու համար:

Շատ ուրախ եմ, որ տիկին կանցլերն արդեն իսկ զգացել է այն դրական մթնոլորտը, որ կա Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և անձամբ տիկին կանցլերի նկատմամբ: Այս մթնոլորտն այցի մնացած ժամանակահատվածում ավելի զգալի կլինի, որովհետև Հայաստանում իսկապես մեծ հարգանք են տածում Գերմանիայի, գերմանացի ժողովրդի և անձամբ Անգելա Մերկելի նկատմամբ»:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել. «Մեծարգո պարոն վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյան,

ես ուրախ եմ առաջին անգամ՝ որպես դաշնային կանցլեր, հյուրընկալվելու ձեր երկրում և շնորհակալ եմ ինձ ցուցաբերված ջերմ, բարեկամական ընդունելության համար: Ես այցելում եմ ձեր երկիր բավական առանձնահատուկ ժամակաշրջանում՝ ոչ միայն այն պատճառով, որ այս տարի դուք տոնում եք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, այլև ձեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Հայաստան այցս ես այսօր սկսել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից. որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք՝ գերմանացիներս, գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Այս փաստը չպետք է մոռացվի ու չի մոռացվի, և Գերմանիան իր ներդրումն է ունենալու այս հիշողության պահպանման մեջ:

Մենք հյուրընկալվել ենք Երևանում՝ քաղաքի 2800-ամյա հոբելյանի շրջանակում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը բարձր մշակութային և պատմական ավանդույթներ, բայց նաև բաց է նոր ապագայի առջև: Մենք անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է ասել: Խոսեցինք նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն առաջիկայում: Ոչ միայն երկկողմ, այլև Եվրամիության շրջանակում մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են էլ  ավելի լավը լինել, և կարծում եմ, որ մենք այսօր արդյունավետ օրակարգ քննարկեցինք ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որն առիթ կունենա շփվելու տեղի հայ գործընկերների հետ: Մենք կարող ենք նաև համագործակցել ենթակառուցվածքների, թվայնացման, ռեսուրսների, ծառայությունների մատուցման ոլորտներում: Շատ կարևոր է համագործակցությունը կրթական ոլորտում. Հայաստանում գործում են դպրոցներ, որտեղ խորացված գերմաներենի ուսուցում է իրականացվում, և այս ծրագիրը կարելի է ընդլայնել: Նաև գիտական համագործակցության շատ լավ օրինակներ ունենք, բայց գերմանական գիտական հաստատությունների հետ կարելի է  էլ ավելի խորացնել այս հարաբերությունները:

Մենք քննարկեցինք նաև Գերմանիայում ապաստան հայցողների խնդիրը: Մենք բավական լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է  ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում:

Ուրախ եմ, որ Հայաստանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ. ուրախալի փաստ է, որ Հայաստանը, մի կողմից, Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ մյուս կողմից էլ ցանկանում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, և Գերմանիան կանի ամեն ինչ, որպեսզի համաձայնագրի շրջանակում առկա հնարավորություններն օգտագործվեն, և Հայաստանը խորացնի համագործակցությունը Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ:

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Գիտեք, Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել:

Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Մենք այսօր այցելել ենք նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը կրթության փիլիսոփայության հրաշալի օրինակ է, որ որդեգրել է ՀՀ-ն՝ հնարավորություն տալով երեխաներին դրսևորվել իրենց հմտությունները նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք, իհարկե, քննարկեցինք ներքաղաքական հարցեր, նաև կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր դժվարին և պատասխանատու քաղաքական աշխատանքում»:

Այնուհետև ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը պատասխանել են յուրաքանչյուր կողմից երկուական հարցի:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»— Հայաստանի և Եվրամիության միջև Խոր և համապարփակ  համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ ընձեռեց, սակայն շարունակվում է դեռ մնալ կասկածի տակ վիզաների ազատականացման հարցը: Դուք արդեն նշեցիք, որ Գերմանիան այս պրոցեսում կաջակցի Հայաստանին: Կցանկանայի հասկանալ՝ ինչպե՞ս:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել — Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, որոնց հետ արդեն ունենք Ասոցացման  համաձայնագրեր, արդեն իրականացվել է վիզաների ազատականացում: Դա սերտորեն կապված է միգրացիոն հարցերում համագործակցության հետ: Այդ համագործակցությունը կարևոր է,  որպեսզի Հայաստանի համար ևս այս հարցում առաջընթաց ունենանք և որոշակի քայլեր ձեռնարկենք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի մեծ թվով մարդիկ են գալիս Հայաստան, քան հեռանում, ինչը նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ որպես գործընթաց, ըստ էության, ոչ թե պետք է խրախուսեն Հայաստանից արտագաղթը, այլ հայրենադարձությունը: Իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այս գործընթացը:

«Deutschlandfunk»— Տիկին կանցլեր, Դուք այսօր Ցեղասպանության հուշահամալիրում եք եղել և հիշել եք ցեղասպանության զոհերին: Ի՞նչ զգացողություններ ունեիք՝ ծաղիկները խոնարհելիս:  Եվ եթե կարելի է, հարց պարոն Փաշինյանին. ի՞նչն է Ձեզ լավատես այդքան դարձնում, որ Դուք կարող եք արդյունավետ հավասարակշռել Եվրամիության և Ռուսաստանի հետ:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել — Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ես հարգանքի տուրք մատուցեցի Գերմանիայի Բուդենսթագի կողմից 2016 թ. հունիսին ընդունված բանաձևի ոգուն համահունչ: Կարծում եմ, որ կարևոր քայլ կատարվեց հիշողության մշակույթի զարգացման ուղղությամբ: Նաև քաղաքական կարգավորում եղավ, բայց դա ինձ համար իրավական խնդիր չէ: Ես հենց այդ մտայնությամբ եմ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան— Ձեր հարցի մեջ այսպիսի մի երանգ կար. եթե ճիշտ հասկացա, Դուք խոսում էիք Ռուսաստանի հետ վարվող քաղաքականությունը հավասարակշռելու մասին: Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականութունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու,  ռևերսներ տեղի չեն ունենալու: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաև Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակում, մենք զարգացնում ենք հարաբերությունները Եվրամիության երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Եվ մեր քննարկման ընթացքում արձանագրվեց, որ արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից և մենք այստեղ հակասություններ ու հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում: Սա է մեր քննարկման ոգին, և կարծում եմ՝ տիկին կանցլերը նույնպես կհաստատի այս դիրքորոշումը:

«Արմենիա» հեռուստաընկերություն- Տիկին կանցլեր, որքանով տեղյակ ենք, տեխնիկական մակարդակով շփումներ են եղել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև համագործակցություն ծավալելու շուրջ:  Հնարավո՞ր է արդյոք ապագայում ավելի գործնական քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, և այդ համագործակցության համատեքստում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի դերակատարությունը:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել- Հայաստանը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցել Եվրամիության հետ: Այստեղ, իհարկե, հնարավորությունները շատ չեն:    Եվրասիական տնտեսական միությունը գործնականում ազատ առևտրային  գոտի է: Այդտեղ, իհարկե, կան շատ այլ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Ամենամոտ ապագայում, ֆորմալ առումով Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենան, բայց կարծում եմ, որ Հայաստանի լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարելի է նաև նման բանի դիմել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան— Ուզում եմ ընդգծել հետևյալը. իհարկե, Եվրասիական տնտեսական միության տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանն ունի նաև Եվրամիության հետ առևտրի հատուկ ռեժիմ՝ GSP+ կոչվող համակարգը, որը հնարավորություններ է տալիս ընդլայնելու առևտրաշրջանառության ծավալները: Իմ ներածական խոսքում ասացի, որ մենք խնդիր ունենք մեր առևտրատնտեսական հարաբերություններում փոփոխություն մտցնել ոչ միայն ծավալի, այլև որակի իմաստով, և մեր համատեղ օրակարգի կարևոր մաս է հենց այս ուղղությամբ որոշակի առաջընթաց ապահովելը:


«Bild»
թերթ – Տիկին կանցլեր, Դուք արդեն հիշատակել էիք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մինչև Ձեր այցը Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել գերմանակն պատվիրակության անդամներից մեկին, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներից մեկին: Արդյոք դա չի՞ ծանրաբեռնում Ձեր այցը: Եվ պարոն վարչապետ, ինչպե՞ս եք Դուք գնահատում Ադրբեջանի գործելաոճն այս հակամարտությունում:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել – Ես արդեն այս առնչությամբ արտահայտվել եմ: Մենք որոշել ենք, որ Ադրբեջանի այցի ընթացքում մեզ կուղեկցի Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր: Խոսքը վերաբերում է, իհարկե, Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության խմբին: Մենք եկել ենք այս որոշմանը, որովհետև մեզ համար կարևոր էր այդ բանակցությունները վարել, և միայն բանակցությունների միջոցով ընդհանրապես կարելի է հակամարտությունները լուծել. եթե մարդիկ չեն խոսում, հակամարտությունները հնարավոր չէ լուծել: Մեզ համար, ինձ  համար կարևոր էր, որ այս այցելությունը տարածաշրջան տեղի ունենա: Ժամանակն իհարկե չի սպասում, և մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի այդ հակամարտությունը հնարավորինս արագ լուծենք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հարցի կագավորման առումով: Գերմանիան և տիկին կանցլերն անձամբ ունեն ըմբռնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտ հաստատելը: Այս մթնոլորտի հաստատման առումով Հայաստանը շատ բարձր է գնահատում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ջանքերը:

Ցուցադրել ավելի
Back to top button