Հասարակություն

Ի՞նչն է հետաքրքրում արտասահմանցի ուսանողին ՀՀ բուհերում եւ հետաքրքրո՞ւմ է արդյոք

Արդյո՞ք հայկական բարձրագույն կրթությունը հետաքրքրում է օտարերկրացիներին։ Հարցը հետաքրքրում է նաեւ վաչապետ Նիկոլ Փաշինյանին, որը իր վերջին ֆեյսբուքյան ասուլիսում նշում էր, որ նման հետաքրքրություն կա միայն բժշկական համալսարանի նկատմամբ։ Սոնա Հակոբյանը պարզել է, թե որքանով են արտասահմանցի ուսանողներին հետաքրքրում մեր մյուս ճանաչված բուհերը։

 

Մեր բուհերը արտասահմանցի ուսանողներ ներգրավելու խնդիր իրոք ունեն՝ ասում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը: Մինչդեռ կար ժամանակ, երբ  իրենց բուհը արտերկրից ուսանողներ ունենալու հարցում չէր զիջում անգամ բժշկական համալսարանին, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց պրոռեկտորը:

Մեծ թվով արտասահմանցի ուսանողներ էին սովորում բուհում նաև 2000-ականների սկզբներին: Նրանց թիվը հասնում էր 750-ի:  Դրանից հետո, իհարկե, արտասահմանցի դիմորդների թիվը կտրուկ նվազեց, և ոչ միայն պոլիտեխնիկական համալսարանում: Բարեբախտաբար, վերջին տարիներին միջազգային գործընկերների հետ հարաբերությունները նորից սկսել են վերականգնվել և դարձյալ աշխատանքներ են տարվում արտասահմանցի ուսանողներ ներգրավելու ուղղությամբ՝ ասում է Ռուբեն Աղգաշյանը:

Ներկայումս Պոլիտեխնիկն ունի համագործակցության 175 պայմանագիր միջազգային գործընկեր համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ ամբողջ աշխարհում: Համալսարանում տարեկան իրականացվում են ավելի քան 22 միջազգային գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրեր՝ պնդում է պրոռեկտորը:

2012 թվականից օտարերկրյա ուսանողներ է ընդունում նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Ռադիոլուրին» հայտնեցին բուհից:  Օտարերկրյա ուսանողները հիմնականում եղել են Հնդկաստանից և Սիրիայից: Նրանց համար կազմակերպվում են դասընթացներ անգլերենով: Հիմնականում ուսանում են գործարար կառավարում, ուստի ընդունելությունը իրականացվում է հենց այս մագիստրոսական ծրագրով:

ՀՊՏՀ-ն ակտիվորեն ընդգրկված է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս +» ծրագրում։ Այն հնարավորություն է տալիս և՛ գործուղել ՀՊՏՀ-ի ուսանողներին, և՛ հյուրընկալել գործընկեր բուհերից:

Մայր բուհից՝ Երեւանի պետհամալսարանից պատասխան ստանալ չհաջողվել։ Ասացին՝ բոլորն արձակուրդում են։

Ցուցադրել ավելի
Back to top button