Քաղաքական

Երևանում կայացել են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում  մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբե­րութ­յունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան, և այդ առումով տեղի է ունենում պատմական իրադարձություն: Դրա արժեքն ընդգծվում է նաև նրանով, որ Ձեր այցը կայանում է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական  մեծ փոփոխություններից հետո, և նոր իրավիճակում, նոր քաղաքական պայմաններում մենք ակնկալում ենք արդյունավետ բանակցություններ ունենալ Ձեզ հետ: Հույս ունենք, որ այս այցը կնշանավորի մեր երկրների միջև հարաբերությունների նոր էջի բացումը: Վստահ եմ, որ Դուք արդեն զգացիք այն վերաբերմունքը, որ Հայաստանի Հանրապետությունում տածում են Գերմանիայի և անձամբ Ձեր նկատմամբ: Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է աշխարհում և առաջինը Եվրոպայում: Լիահույս եմ, որ Ձեր այցի արդյունքներով նաև մեր առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ և շունչ կհաղորդվի: Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ: Բարով եք եկել», — նշել է Նիկոլ Փաշինյանը։


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Այս այցը կայանում է Հայաստանում մեծ փոփոխություններից հետո. որքան անսպասելի էր այն մեզ համար, այդչափ դրական ձեր երկրի համար: Մեզ հետաքրքիր է լսել Ձեր գնահատականները տեղի ունեցածի կապակցությամբ, ու միաժամանակ ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր այդ փոփոխությունների շունչը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այսօր գտնվում ենք մի քաղաքում, որը 2800 տարեկան է, և մի  երկրում, որի ժողովուրդը պատմական հետքեր է թողել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ես այսօր այցելեցի Թումո կենտրոն, տեսա երիտասարդ աղջիկների և տղաների, ովքեր շարունակում են նորարարություններ մշակել և զարգացնել` պահպանելով հայկական մշակույթի արմատները: Համոզվեցի, թե ինչ գիտելիքահեն հասարակություն է առկա Հայաստանում: Գիտենք, որ սա բարդ տարածաշրջան է և պատրաստ ենք օգտակար լինել ձեզ` խնդիրների կարգավորման գործում լինելով ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք խթանել և զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Լիահույս ենք, որ կկարողանանք արձանագրել նոր արդյունքներ այդ ուղղությամբ»:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են տնտեսության տարբեր ճյուղերում ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համատեղ նոր նախաձեռնությունների հեռանկարներին:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ վերահաստատելով Հայաստանի  հանձնառությունը համընդգրկուն բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնումը՝ հիմնված «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա: Գերմանիայի կանցլերը հավելել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակել Հայաստանին տարբեր ուղղություններով բարեփոխումների իրականացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման գործում:


Կողմերը քննարկել են նաև վիզաների ազատա­կա­նաց­ման ուղղությամբ երկխոսությանը, մարդկանց միջև շփումների խորացմանը, առողջապահության, բնապահպանության, ճանապարհաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարթակ լինել գերմանական ընկերութ­յուն­ների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ԵԱՏՄ, ինչպես նաև իրանական շուկաներ։ Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը գոհունակություն են հայտնել գիտության, կրթության և մշակույթի ասպարեզներում հայ-գերմանական համագործակցության առնչությամբ:

ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը` վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Բունդես­թագի կողմից 2016թ. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդու­նումը:

Ցուցադրել ավելի
Back to top button