Մշակույթ

Աշխարհահռչակ պարուհին ուզում է պարել Երևանում

«Վեց տարեկան էի, երբ հեռացանք Հայաստանից, բայց այն շարունակում է մնալ աշխարհի իմ ամենասիրելի անկյունը: Որտեղ էլ լինեմ, միշտ հպարտանում եմ իմ հայկական արմատներով: Պարել եմ աշխարհի ամենատարբեր քաղաքներում, բայց երբեք չի հաջողվել պարել Երևանում»,-երևանյան բեմում պարելու իր երազանքի մասին Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի հայտնի մենապարուհի Վիկտորյա Անանյանը պատմել է Ռադիոլուրի հետ զրույցում:

 

 

Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի մենապարուհի Վիկտորյա Անանյանը  ծնվել է Երևանում՝ պրոֆեսիոնալ բալետ պարողների ընտանիքում: Ինչպես ինքն է ասում՝ բալետն իր արյան մեջ է, հայ խորհրդային բալետի արտիստ ու բալետմայստեր, արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Մուրադյանի թոռնուհին է: Հայրն  և եղբայրը՝ Էդվարդ և Էդգար Անանյանները, նույնպես բալետի պարողներ են, իսկ մայրը՝ Ժաննա Մուրադյանը, Վիկտորյա Անանյանի բալետի առաջին ուսուցիչն ու ամենախիստ քննադատն է: Հայաստանից հեռացել են 90-ականների ամենածանր տարիներին, երբ Վիկտորյան ընդամենը վեց տարեկան էր։


Մանկուց սովորել է տարբեր երկրների բալետային դպրոցներում, յուրացրել է ռուսական, եվրոպական ու ամերիկյան բալետի բոլոր ոճերը: Ապրել է Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում, ներկայում՝ Մոնակոյում: Ինչպես արդեն նշվեց, Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի հայտնի մենապարուհին է, որի հյուրախաղերի ծրագիրը միշտ հագեցած է լինում դեռ մեկ տարի առաջ: Պարել է աշխարհի բազմաթիվ քաղաքներում, ամենահայտի բեմերում, բայց երբեք չի պարել Երևանում: Ուզում է պարել հայրենիքում ու լսել հայրենակիցների ծափերը:


Հարցին՝ այն, ինչ ամենահարազատն է Հայաստանում, Վիկտորյան պատասախանում է՝ օդը: Երևանի օդանավակայանում  հենց դուրս եմ գալիս ինքնաթիռից, զգում եմ, որ իմ տարածքում եմ: Չի բացառում, որ Երևանում երբևէ կունենա իր տունը, բալետի դպրոցը: Հետևում է ու շատ լավ ծանոթ է հայկական բալետի այսօրվա խնդիրներին։


Մոնտե Կառլոյի օպերային թատրոնի բալետային խմբում՝ որպես  մենապարուհի, Վիկտոյան  ընդգրլվել է երեք տարի առաջ,  Ժան Քրիստոֆ Մայլոյի հրավերով:  21-րդ դարի լավագույն բալետմայստերներից մեկը համարվող իր ղեկավարից Վիկտոյան շատ բան է սովորել, բայց նաև ինքն է սովորեցրել, ավելի շուտ ծանոթացրել է նրան հայ ազգային պարի գաղտնիքները: Որոշ ստեղծագործություններում  աշխարհահռչակ բալետմայստերը սիրով կիրառում է Վիկտորյայի ներկայացրած հայկական պարի էլեմենտները։


«Աշխարհի որ անկյունում էլ լինեմ, հպարանում եմ իմ հայկական արմատներով, և շատ եմ ուզում՝ տարիների ձեռք բերածը փոխանցել հայրենիքիս: Հայաստանն իմ ամենահարազատ անկյունն է»,-ասում է պարուհին:

Հոլանդահայ համայնքի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամը 2800 ամյակի  առիթով երեկ  Երևանին նվիրեց Գամփռ շան քանդակը՝ որպես Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Նախաձեռնության հեղինակներից է նաև Վիկտորյա Անանյանը, որը փորձում է օգտակար լինել հայրենիքին հնարավոր բոլոր միջոցներով:

Back to top button