Հասարակություն

Հայաստանցի գործարարը` Վրաստանում սուրճի գիտակ


Թբիլիսի կենտրոնում հայաստանցի գործարարի սրճարանը վրացի հաճախորդների մի մեծ բանակ է ձեռք բերել, ովքեր վաղ առավոտյան իրենց օրը սկսում են «Փարաջանով» կամ «Փիրոսմանի» անվամբ մեկ բաժակ սուրճ ըմպելով։

«Վրացիները, որ սուրճ չօգտագործող ազգ են, այսօր գնահատում են լավ սուրճը»,-ասում է սրճարանի հիմնադիրը՝ Հայաստանից  Ռուբեն Ավետիսյանը, ով սուրճ խմել սկսել է, երբ դրա մշակույթը Հայաստան են բերել հայրենադարձները։ Այսօր արդեն 10 տարի «լավ սուրճը» տարածում է հարևան Վրաստանում:

 

«Le Café Du Monde-ը՝ աշխարհի սուրճը» Թբիլիսիի կենտրոնում՝ Պիովսկայա (այժմյան Ախվլեդիանի) փողոցում, որի երկայնքով իռլանդական փաբեր են, առանձնանում է իր յուրահատուկ սուրճով ու հաճելի բուրմունքով։ Նույն սուրճն է՝ արաբիկա կամ ռոբուստա, բերված Լատինական Ամերիկայից, սակայն տարբեր է պատրաստման ձևը։ Մինչ սրճարան բացելը Ռուբեն Ավետիսյանը երկար փորձեր է արել և գտել այս ըմպելիքի ամենաճիշտ ու համեղ պատրաստման ձևը։


«Հիմա սա մեր գաղտնիքն է։ Սովորական, պարզ գաղտնիք է, բայց ամեն մի խոհարար ունի իր գաղտնիքը ու, երբ տալիս է ճաշերի բաղադրությունը, միևնույնն է մի բան չի ասում, ինչ-որ մի նրբություն կա, որ չի բացահայտում, հենց դա էլ տալիս է յուրահատկությունը»։

Այդուհանդերձ որոշ նրբություններ ասում է՝ միաժամանակ սուրճ պատրաստում։ Այն պետք է լինի թարմ բոված, աղում է անմիջապես պատրաստելուց առաջ․

«Սա ձեռքի աշխատանք է։ Ես ափսոսում եմ, երբ շուկաներում տեսնում եմ թե ինչ սուրճ է վաճառվում, ինչ սուրճ են խմում․ սուրճը չի սիրում հոտավետ ու խոնավ տեղեր։ Խոնավության հոտից ու համից ազատվելու համար շատ են բովում, ինչն արդեն սուրճ չէ։ Ես դա հասկանալու համար երկար եմ աշխատել, դեռ ամեն օր սովորում եմ։ Պետք է զգաս, որ սուրճը որի հետ կարող է համատեղություն ունենալ»։


Այդպիսի երկար փորձերից հետո նա համատեղելով, ստացել է օրինակ «Փիրոսմանի» և «Փարաջանով» սուրճերը՝ դրանք համարելով հայ-վրացական բարեկամության խորհրդանիշեր։ Դա արել է, ինչպես ասում է հատուկ վերաբերմունք ցույց տալու մի երկրի, որը հեղափոխությունից (2003-ի Վարդերի հեղափոխության) հետո պարզեցրել է հարկային դաշտն ու օտարերկրացիներին հնարավորություն տվել բիզնես ծավալել․

«Իհարկե ժամանակին, երբ եկանք այստեղ տնտեսական քաղաքականությունն ավելի նպաստավոր էր, քան Հայաստանում։ Գիտեք, ես միշտ սիրել եմ ամեն ինչ օրենքով անել․ ինձ դա դուր է գալիս։ Ինձ այստեղ միշտ ասում են՝ մենք ձեր մշտական հաճախորդներն ենք, կարող եք կտրոններ չտալ, բայց ես չեմ կարող»։

Այսօր, երբ հեղափոխություն է տեղի ունեցել Հայաստանում, հայ գործարարը մտածմունքների մեջ է ընկել՝ տեղափոխել կամ իր բիզնեսը սկսել նաև Հայաստանում․


«Չպետք է մեր ժողովրդին զրկել այս ըմպելիքից։ Հիմա շատ ոգևորված եմ հայաստանյան հեղափոխությամբ»։

Տասնյակ տարիներ սուրճի գաղտնիքները բացահայտած վարպետը վստահ է, սուրճն օգտակար է մարդու առողջությանը, ինքը խմում է այնքան, որքան ուզում է․

«Դա ոչ թե լավ է, դա հիանալի է, բայց խոսքը գնում է իսկական սուրճի մասին, ոչ թե Nescafe-ների․․․ օրական նույնիսկ հինգ բաժակ կարելի է խմել, եթե ձեր օրգանիզմն ուզում է»։

Թբիլիսիում բուրմունք տարածող այս սրճարանի սուրճը համարում են հայկական, Ռուբենին՝ Վրաստանի սուրճի գիտակ։

Back to top button