Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը՝ նոր աղմուկի պատճառ

Երևանի քաղաքապետարանը որոշել է Ազգային պատկերասրահի մուտքի կամարների մոտ տեղադրվել արձաններ: 

Երեւանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը, կարծես, նոր աղմուկի պատճառ կարող է դառնալ։ Այստեղ որոշել են արձաններ տեղադրել նաեւ Ազգային պատկերասրահի շենքի նախամուտքում։ Նաեւ հայտնի է՝ ում արձանները՝ Տրդատ Երրորդ եւ Գրիգոր Լուսավորչի։ Արձանների հեղինակ Տիգրան Արզումանյանը նախ զարմացավ, թե այս տեղեկատվությունն ինչպե՞ս է հասել մեզ, ապա  հաստատեց լուրը: Նշեց՝ դեռևս աշխատանքային գործընթաց է: Շենքը նախագծելիս նման նախաձեռնություն նախատեսված  եղել է՝ ասում է քանդակագործը, սակայն հրաժարվեց ասել, թե ով է իրեն առաջարկել իր հեղինակած արձաններն այնտեղ տեղադրել։


Ազգային պատկերասրահի շենքի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռ, լրագրող Մարկ Գրիգորյանն արձաններին գնահատական չտվեց, քանի որ դրանք դեռ չի տեսել, սակայն «Ռադիոլուրի» հետ զրույցում վրդովված նշեց, որ միևնույն է՝ Հանրապետության հրապարակը պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է, ոչ մի դեպքում  չպետք է ենթարկվի միջամտությունների:

« Ես կտրականապես դեմ եմ և դեմ եմ լինելու ցանկացած  միջամտության. լինի դա արձան, լինի դա ճարտարապետական կամ քաղաքաշինական որևէ միջամտություն։ Առանց այդ էլ քաղաքաշինական տեսակետից հրապարակն աղավաղել և նսեմացրել են կողքի բարձրահարկերը»:  

Հույս ունի, որ այդ արձանները չեն տեղադրվելու, քանի որ Հանրապետության հրապարակը կառուցվել է առանց այդ արձանների:

«Եթե շենքի հեղինակը՝ Մարկ Գրիգորյանը, ուզենար, որ այդտեղ արձաններ կանգնեին, ապա այդ արձանները կդրվեին մինչև Տիգրան Արզումանյանի այս մտահղացումը»:  

Մշակույթի նախարարությունն էլ է տեղյակ նախագծից: Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հաստատեց, որ  մուտքի աջ և ձախ կամարների վրա նախագծված են  եղել  արձաններ և թափուր պատվանդանները ապացույցն են:  Վերջերս էլ տեղեկացել են, որ բարերար կա, ով պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել  արձանների քանդակումն ու տեղադրումը: Նախագծային լուծումները քննարկվել են գիտամեթոդական խորհրդում: Մշակույթի նախարարությունը սկզբունքորեն առարկություններ չի ունեցել:

«Սակայն  լուծումներում մի քանի առաջարկություններ կան»:

«Ռադիոլուրին» հայտնի դարձավ, որ նախագիծն ու նախարարության առաջարկությունները  կքննարկվեն վաղը գեղարվեստական խորհրդի արտագնա նիստում:

Back to top button