Հասարակություն

«Մարաթուկ» տուրիստական ընկերության ղեկավարը թույլ չի տվել ՊԵԿ-ին խուզարկություն իրականացնել

«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում դատարանի որոշման հիման վրա ՊԵԿ աշխատակիցների կողմից խուզարկություն է իրականացվել:

Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ–ի տարածած մամուլի հաղորդագրությունից, որի մեջ հերքվում է մամուլում տեղ գտած հետևյալ վերտառությունը. ««Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ քննչական կոմիտեի աշխատակիցները»»։

ՊԵԿ տարածած մամուլի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարուցված քրեական գործի շրջանակում ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է  գտնվում ընկերության տնօրենը:

ՊԵԿ աշխատակիցները տնօրենին ներկայացրել են խուզարկություն իրականացնելու դատարանի որոշման օրինակը: «Մարաթուկի» ղեկավարը, սակայն, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով, որ չի թողնի խուզարկություն իրականացնել ընկերությունում:

Միաժամանակ նա սպառնալիքներ է հնչեցրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ և հայտարարել, որ կհրավիրի ԶԼՄ ներկայացուցիչների՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել դատարանի որոշմամբ իրականացվելիք օրինական գործողությունները:

ՊԵԿ աշխատակիցները, տեսնելով, որ հնարավոր չէ հանդարտեցնել վրդովված տնօրենին, և իրավիճակն ավելի է լարվում, հետագա բարդությունները կանխելու նպատակով հրավիրել են ՊԵԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների, որոնք, բնականաբար, զինված չեն եղել: Սակայն վերջիններիս կողմից որևէ գործողություն չի կատարվել, քանի որ իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել»:

Ցուցադրել ավելի
Back to top button