ԿարևորՀասարակություն

Այսօր Անկախության հռչակագրի ընդունման օրն է

լրացված 17.45

Այսօր լրանում է «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 28-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով դրվեց անկախ Հայաստանի կերտման գլխավոր հիմնաքարը:

Յոթ տասնամյակ անց հայ ժողովուրդը վերահաստատեց անկախ ապրելու իր ձգտումը եւ որպես միջազգային իրավունքի սուբյետկ հայտարարեց անկախ արտաքին քաղաքականություն վարելու մասին:

Շատերի գնահատմամբ Անկախության հռչակագիրն արդիական է նաեւ այսօր: Այն ավարտված չէ, քանի որ շատ կարեւոր կետեր իրականացման փուլում են դեռ, գործողության մեջ, ուստի՝ այն միայն պայմանական չէ, իրավական ու քաղաքական չէ անցյալի համար, այլ՝ նույնպիսին է նաեւ այսօրվա ու առաջիկայի համար: Այս առումով, թերեւս, անսպասելի չէր, որ Անկախության հռչակագրի ընդունման 28-ամյակին կառավարության նիստում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի անկախության մասին հռչակագին ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում։

Հենց այսպես՝ 28 տարի առաջ այս օրը երազանքների սկիզբը դրվեց. հայության իղձերն ու ցանկությունները խտանալով դարձան պաշտոնական փաստաթուղթ: Հենց դրանով ՀՀ-ն հռչակվեց անկախ պետություն. սկիզբ դրվեց երրորդ  հանրապետության: Պատահական չէր, որ անկախության հռչակագիրն ընթերցելու համար ընտրվել էր Արամ Մանուկյանը:

Նա անվանակիցն էր Հայաստանի առաջին հանրապետության կերտողներից մեկի՝ Արամ Մանուկյանի: Ըստ էության՝ խորհրդանշական այս ընտրությունը ցույց էր տալիս, որ երկու անկախ հանրապետությունների միջեւ կա ներքին մի կապ, որն արտահայտում է հայ ժողովրդի դարավոր շարունակական իղձերը:

Դա հրաշք էր՝ տարիների հեռվից հիշում է հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանը:

Անկախության համար երկար տարիներ պայքարած առաջամարտիկներից մեկը՝ Պարույր Հայրիկյանն ասում է, որ խորհրդային Հայաստանի Գերագույն  խորհրդի կողմից դեռ այն ժամանակ նման հռչակագրի ընդունումն ինքնին արդեն անկախության ակտ էր:

Անկախության հռչակագիրն էր, որ 5 տարի շարունակ՝ մինչեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելը, փաստորեն, ծառայեց որպես ինքնիշխան երկրի հիմնական օրենք: Անկախության հռչակագրից մեկ տարի հետո՝ 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին էլ տեղի ունեցավ անկախության հանրաքվե՝ 95 տոկոս «այո» անկախությանը արդյունքով:

Անկախական բանակի անդամներից մեկն էր Ազատ Արշակյանը: Գնահատելով Հայաստանի անկախության հռչակագիրը, նա պատկերավորում է, թե այդպիսով հայ ժողովուրդը ստացավ վկայագիր:

Քայլը համարձակ էր, իսկ Ակնախության հռչակագիրը որպես փաստաթուղթ թե իրավական, թե քաղաքական առումներով՝ հասուն եւ այդպիսին է մինչ օրս. որեւէ մեկը ստվեր չի գցում այդ փաստաթղթի վրա՝ նկատում է Արամ Մանուկյանը:

Back to top button