ԿարևորՔաղաքական

Սեւանի հարցով ԱԺ արտահերթ՝ օգոստոսի 28-ին

հրապարակված 12.14
լրացված 17.27

Օգոստոսի   28-ին ժամը 11-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի: Օրակարգում  Սևանա լճից  լրացուցիչ ջրառի թույլտվության նախագիծն է:

Ինչպես «Ռադիոլուրը» նախօրեին տեղեկացրել էր, այս նախագիծը ընդգրկվեց կառավարության այսօրվա նիստի օրակարգ:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հիշեցրել է, որ օրենքն արգելում է լճի բացասական հաշվեկշիռը, վարչապետն էլ հայտարարել է, որ երկար ու բուռն քննարկումներից հետո են այս եզրակցության եկել. եթե Սևանից լրացուցիչ ջուր բաց չթողնվի,  գյուղացին աղետի առաջ կկանգնի:

Ամենաանցանկալի  նախագիծ. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է բնորոշում  Սևանա լճից լրացուցիչ  ջրառի թույլտվության օրինագիծը: Մոտ երկու ամիս կառավարությունում քննարկվում էր այս հարցը, 65 մլն խորանարդ մետր ջրի բաց թողումից այսօր արդեն պարզ դարձավ՝  կթույլատրվի մինչև 40 մլն խորանարդ մետր ջուր:

Ախուրյանի ջրամբարից 100 մլն խորանարդ մետրից  ավելի ջուրն արդեն օգտագործվել է, առկա պաշարներով  փորձ էր արվում  ոռոգել մինչև օգոստոսի կեսերը: Գյուղացին կանգնել է փաստի առաջ: Նիկոլ Փաշինյանը այժմ էլ է նույն կարծիքին:

Կառավարությունում փորձում են հասկանալ՝ ինչպես են որոշում որքան ջուր է  անհրաժեշտ: Պարզվել է՝ ամեն ինչ ըստ աչքաչափի է արվում:

Մինչև 25 մլն խորանարդ մետր. այս ծավալին են հակված կառավարությունում: 15 մլն էլ դիտարկվում է պահուստ՝ գյուղատնտեսական աղետը կանխելու նպատակով: Սևանա լճից ջրի բացթողնումը խիստ կվերահսկվի՝ նաև ոստիկանների մասնակցությամբ:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին  ոռոգման ջրի ընթացքում արձանագրվող կորուստների  հարցն է մտահոգում: Հարցին նաև վարչապետն է արձագանքում ՝ խնդրին շատ խիստ են մոտենում: Քննարկումների արդյունքում նաև հետևյալն են պարզել.

«Պարզվում է Հայաստանում կա նաև ստվերային գյուղատնտեսություն, այգիներ կան, որոնք գրանցված չեն ընդհանրապես»:

Բնապահպանության նախարար Էրիկ  Գրիգորյանը ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման հարցն է  բարձրացնում:

Ջրային պաշարների հարցում ինքնաբավ ենք՝ վստահեցնում է  բնապահպանության նախարար Էրիկ Գրիկգորյանը: Նա կարևորում է դրանց ճիշտ կառավարումը: Վերջին հետազոտության տվյալներն է մեջբերում:

«2030թ 11 տոկոսով նվազող ջրային ռեսուսրներ կունենաք: Կոնֆլիկտները գնալով մեծանալու են»:

Արփա- Սևան թունելն այս պահին վերանորոգվում է, այն կբացվի 2019 թ ապրիլին: Կառավարությունում  հույս ունեն, որ այս կերպ  Սևանին փոքր- ինչ հանգիստ կթողնեն:

Հավելյալ ջրառի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացող լրացուցիչ գումարները կուղղվեն կառավարության արտաբյուջետային հաշվին և կծառայեն Սևանից հետագա ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներին:

Էներգետիկ ենթակառուցվածքների ու  բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի տեղեկացմամբ, անցյալ տարվա լրացուցիչ ջրառից   առաջացել է 1 մլրդ 645 մլն դրամ :

Մոտ 40 րոպե քննարկումից հետո նախագիծն ի վերջո հաստատվեց: Վերջնական խոսքը խորհրդարանինն է՝ օգոստոսի 28-ին ժամը 11-ին ԱԺ- ն արտահերթ նստաշրջան կգումարի: Օրակարգում հենց այս հարցն է: «Փրկենք Սևանը» նախաձեռնությունն այդ  օրն առավոտյան բողոքի ակցիա անցկացնի  խորհրդարանի շենքի մոտ:

Իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ հնարավոր է, որ ԱԺ-ն կողմ չքվեարկի  նախագծին։ Օրերս հարց ուղղեցի Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին: Նրա խոսքով, այս դեպքում  55 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ լուրջ խնդրի առջև կկանգնեն:

Back to top button