ԿարևորՔաղաքական

Ինչու խմբագրվեց Մերկելի օրակարգը. Ռադիոլուրին բացառիկ հարցազրույցում պատմել է Ալբերտ Վայլերը

Ինչու խմբագրվեց Անգելա Մերկելի` տարածաշրջան կատարվող այցի օրակարգը, ինչպես է գնահատվում Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին իր տարածք թույլ չտալու` Ադրբեջանի քմահաճույքը, եւ ինչպես է դրան արձագանքում անձամբ Վայլերը:

«Ռադիոլուրը» զրուցել է պատգամավորի հետ, նաեւ առանձնացրել այցից քաղաքական ու տնտեսական սպասելիքների ուրվագիծը:

Վրաստանի հետ Գերմանիայի կապերն առանձնահատուկ են, իսկ Հայաստանի հետ նոր թափ են ստանում, Արդբեջանի առումով` դեռ ժամանակը ցույց կտա` անդրադառնալով Գերմանիայի կանցլերի` մեր տարածաշրջան այցին` կարծիք է հայտնում «Ազգ» օրաթերթի Գերմանիայի թղթակից Անահիտ Հովսեփյանը: Անգելա Մերկելի այցը Հայաստան զրուցակիցս դիտարկում է ոչ թե պարզապես կանցլերի  հետ շփում, այլեւ Եվրամիության տնտեսական շարժիչ երկրի գլխավոր դեմքի ներկայություն մեր երկրում, ինչից լուրջ սպասելիքներ կարող ենք ունենալ:

«Այս այցն, իմ կարծիքով, նշանակում է քաղաքական երկխոսության ամենաբարձր աստիճանը, ինչին ձգտել են մեր բոլոր դեսպանները, որ կանցլերն այցելի Հայաստան»:

Մերկելի այցը նաեւ Հայաստանի վրա է գրավում արտասահմանյան լուրջ լրատվամիջոցների ուշադրությունը, իսկ այդ ուշադրությունն ավելացել էր դեռ հեղափոխության սկզբնական շրջանից սկսած: Սա մեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում Եվրամիությանը` կարծում է Անահիտ Հովսեփյանը: Գերմանիայի հետ, ըստ նրա, մենք մեկ այլ հարց էլ ունենք պարզելու` ինչո”ւ կյանքի չկոչվեց հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմը: Այդուհանդերձ, օրակարգի թիվ մեկ հարցը գերմանական արտադրության եւ որակի ներկայացումն է մեր երկրում:

Մերկելի տարածաշրջան կատարվող այցի օրակարգը, ինչպես հայտնի է, Ադրբեջանի քմահաճույքով փոփոխության ենթարկվեց: Մերկելին ուղեկցող բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքը սահմանափակվեց` պատճառաբանելով, թե նա երբեւէ Արցախ է այցելել: Ինքը` պատգամավոր Ալբերտ Վայլերը, «Ռադիոլուրի» հետ զրույցում չի բացառում նոր այցերն Արցախ, թեեւ այս անգամ, ասում է, ժամանակը սուղ է: Լեռնային Ղարաբաղ այցեր կատարած լինելու պատճառով Ադրբեջան մեկնելու սահմանափակումը Վայլերը համարում է ոչ ժողովրդավարական:

Տխուր իրողություն է: Ես բազմիցս եմ պատրաստակամություն հայտնել մեկնել Ադրբեջան եւ տեղում քննարկել մասնավորապես Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր: Բայց դա ակնհայտորեն ցանկալի չի եղել: Եվ երբ հարցին այսպես են արձագանքում` ժողովրդավար կերպով ընտրված պատգամավորի մուտքը արգելելով, նույնիսկ ինքնաթիռում լինելու դեպքում սպասռնում են ձերբակալել, սա ոչ միայն հակադեմոկրատական է, այլեւ խաթարում է դիվանագիտական հարաբերությունները:

Ալբերտ Վայլերը խոստանում է հետեւողական լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիներ գտնելու հարցում, որպեսզի սահմանին այլեւս մարդիկ չմահանան` ասում է: Պատգամավորի համոզմամբ` Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը պետք է լուծվի այն մարդկանց պատկերացմամբ, որոնք այնտեղ ապրում են: Այստեղ խոսքը մեծ քաղաքականության մասին չէ:

«Այստեղ Արցախում բնակվող մարդկանց խաղաղության ապահովման հարցն է: Մարդկանց, որոնք պետք է մշտապես այն ռիսկի տակ չլինեն, որ կարող են սահմանից իրենց վրա կրակել: Սրանք երեւույթներ են, որոնք 21-րդ դարում այլեւս ընդունելի չեն: Ես դա անմարդկային եմ գտնում հատկապես այն մայրերի տեսանկյունից, որոնք երեխաները վտանգի տակ են: Այդպես չպետք է լինի: Դա հնարավոր է լուծել»:

Մերկելի այցը Վայլերը դիտարկում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման նոր հզոր ազդակ: Նախորդած պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Ներկայում իրականացվող ուղիղ չվերթերն արդեն դրա օրինակն են: Մեկ օր Հայաստանում եւ բազմաթիվ նոր սպասելիքներ` ասում է Ալբերտ Վայլերը:

Այս պահին աշխարհի ամենազորեղ տիկին համարվող գերմանիայի կանցլերի այցի հետ Գերմանիայի հայ համայնքի անդամ, «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանն էլ իր հույսերն է կապում:  Հայկական կողմը Մերկելի հետ հանդիպմանը պետք է բարձրացնի Ադրբեջանին զենքի վաճառքի և Գերմանիայի հայ համայնքին աջակցություն տրամադրելու հարցերը:

«Հայգերմանական հարաբերություններն այսօր բավարար զարգացում չեն ապրում: Ըստ նրա՝ կա երկկողմանի մեծ ներուժ՝ հարաբերություններն ավելի ակտիվ և լայնամասշտաբ խորացնելու, բայց դա չի օգտագործվել»:

Օրդուխանյանը հուսով է, որ առաջիկայում հայ-գերմանական բանակցությունների սեղանին կլինեն նոր փաստաթղթեր` արդեն առավել առարկայակլան անելիքների ու ծրագրերի մասին:

Back to top button