Քաղաքական

Եթե մեզ դատապարտեն, կնշանակի Սերժ Սարգսյանը չի հեռացել. Վարուժան Ավետիսյան

«Հիմնադիր խորհրդարան կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խմբավորումը նախաձեռնում են ստեղծել «Սասնա ծռեր» անվանմամբ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, դառնալ քաղաքական կյանքի առաջատար մասնակից՝ այսօր լրագրողներին տեղեկացրել է «Սասնա ծռեր» խմբավորման համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Ազատության  մեջ հայտնված  «Սասնա ծռեր  խմբավորման  անդամ Վարուժան Ավետիսյանն  ու  Հիմնադիր  խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսօր ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու նույնանուն կուսակցության ստեղծման ու քաղաքական ակտիվ գործունեություն սկսելու մասին:  Ստեղծելով «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ նրանք կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին:

Վարուժան Ավետիսյան. «Ստեղծվելիք կուսակցությունը ըստ էության չի հանդիսանա զինված խմբի ժառանգորդը, և որ այդ խումբը ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում փակել է զինված պայքարի էջը»։

Վարուժան Ավետիսյանը ասաց, որ սատարում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ ներկա իշխանությունը պետք է վիրահատական միջամտություններ կատարի կառավարությունում, այլապես հեղափոխությունը լիարժեք չի լինի։

Լրագրողները խմբավորման անդամներին հիշեցրեցին նախկին հայտարարությունները, որ «Նիկոլ Փաշինյանին պետք է նետել աղբարկղը, հետևաբար ինչ փոխվեց նրանց հայացքներում՝ Վարուժան Ավետիսյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի իշխանություն գոյություն չունի, գոյություն ունի ժողովրդի իշխանություն»:

Ամբողջ ասուլիս ընթացքում Վարուժան Ավետիսյանն  ու Ժիրայր  Սեֆիլյանը  պնդում էին, որ ՊՊԾ գնդի գրավումն արդարացված էր, քանի որ 2016 թ- ին քաղաքական այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ զինված ապստամբությունը իշխանափոխության միակ ճանապարհն էր։ Դիտարկմանը, թե թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ իշխանափոխություն հնարավոր է իրականացնել նաև խաղաղ ճանապարհով՝ Վարուժան Ավետիսյանը նշեց.

«Այդպիսի պատկերացումների ներարկումը միտումնավոր է արվում,  զուտ մարդկանց ուշադրությունը շեղելու եւ մոլորեցնելու համար: Ասյօրվա հեղափոխությունը, որ հասավ այս արդյունքին՝ 1993 թ-ից ի վեր պայքարի եւ ընդվզումների պայքարի արդյունքն էր»:

Վարուժան Ավետիսյանն ասում է, որ  ամբողջ  դատավարական պրոցեսը պետք է դադարի, այլապես այս իշխանությունները հավատ չեն ներշնչի.

««Սասնա ծռեր» խմբի անդամները չպետք է դատապարտվեն, իսկ եթե դատապարտվեն, մենք կհասկանանք, որ Սերժը չի հեռացել»:

Քաղաքագետ  Անուշ  Սեդրակյանը շեշտում է՝ ցանկացած ահաբեկչություն կարելի արդարացնել՝ ասելով թե ելք չկա, սակայն դրանով խախտվում է օրենքի և տառը, և ոգին:

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամների հիմնական մասին խափանման միջոցը փոխվեց, նրանք ազատ արձակվեցին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների անձնական երաշխավորությամբ ու գրավով:

Ի դեպ գրավի գումարները մուծվել են «Ծառուկյան» հիմնադրամի կողմից:  Խմբավորման անդամները նշում են, որ իրենք որևէ պարտավորվածություն չունեն այս դաշինքի նկատմամբ, դա պարզապես պատգամավորների կողմից մարդասիրական քայլ էր, որ իրենք չեն մերժել:

Back to top button