ԿարևորՀասարակություն

Հուլիսի 1-ից կեռապատկվի երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկ էր  ներկայացրել  կառավարությանը, որպեսզի 2018 թվականի  հուլիսի 1-ից եռապատկվի  երկրորդ երեխայի  ծննդյան նպաստի չափը՝  50 հազար դրամի փոխարեն  150 հազար։ Նախարար Մանե Թանդիլյանը նպաստների եռապատկումը  հիմնավորեց այսպես. ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են։

Ի՞նչն է պատճառը, որ հուլիսի մեկից այս նախաձեռնությունը չհաստատվեց։ Հարցն այսօր ուղղեցինք նախարար Մանե Թանդիլյանին:

«Կհաստատվի հոկտեմբերին»,- ասում է:

Նախարարն ասում է, որ այս փոփոխությունը էական ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա: Հետաձգումը ոչ թե կապված է գումարներ չլինելու, այլ որոշակի ընթացակարգերի հետ:

Ընդդիմությունից  ԱԺ  հանրապետական պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ  Գագիկ Մինասյանը  նշում է, որ նախ պետք է պարզել ինչ բյուջետային միջոցներով է հատկացվելու այս  քայլի համար:


Ի դեպ, այս նախաձեռնության մասին մտահոգություններ  հնչեցին  փորձագետների կողմից: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ում գործունեությունն ի պաշտոնե կապված է եղել  հենց ժողովրդագրական խնդիրների հետ, կարծում է, որ  դա ոչ արդյունավետ ծախս կլինի։

Հայրապետյանը նշում է՝ երկար տարիներ  աշխատում էին,  որպեսզի  ծնելիության խթանումը ֆինանսական միջոցներով իրականացնել քաղաքականությունից զերծ մնանք, հատկապես, երբ այդ ֆինանսական  խթանը չնչին է:  Փոխարենը առաջարկում է ստեղծել համակարգ և պայմաններ, որպեսզի հաջորդ երեխա ունենալը ընտանիքների համար չդիտարկվի  որպես  բարեկեցության ռիսկ։

Նախարար  Մանե Թանդիլյանը  տեղյակ է  այս քննարկումներից, բայց նշում է, որ  երկրորդ երեխայի նպաստը բարձրացնելով լուծում ենք ռազմավարական խնդիր:

«Միջինում 1.7 երեխա է ծնվում ՀՀ-ում, եթե 2-րդ երեխան չծնվի, ապա լուրջ հետընթաց ենք ունենալու: Ինչ վերաբերում է հարցին, թե ժողովրդագրական ինչ նպատակ ենք հետապնդում 2-րդ երեխայի համար 150 հազար դրամ նախատեսելով, ասեմ, որ շատերը կարող են մտածել, թե սա չի խթանում ծնելիությունը, սակայն սա հաղորդագրություն է, որով մենք ասում ենք, որ 2-րդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի: Երբ մեր հայացքը միայն դեպի 3-4-րդ երեխան է լինում, ապա նվազեցվում է 1-ին և 2-րդ երեխայի նշանակությունը»:

Նախարար Թանդիլյանն անդրադարձավ նաև ընտանեկան նպաստի համակարգին, ասաց, թե այս ոլորտը նույնպես  խնդրահարույց է: Սակայն հստակ հերքեց լուրը, որ այն նպաստառուները, որոնք վարկ ունեն, այլևս նպաստ չեն ստանալու:

Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որոնք իրապես նպաստառու են, սակայն նպաստ չեն ստանում, փոխարենը կան մարդիկ, որոնք նպաստառու կարող են չլինել, բայց տարիներ շարունակ նպաստ են ստացել: Այսպիսով, ըստ նախարարի,  նպաստ տալով մարդկանց խնդիրները չեն  կարգավորել, ու քաղաքացուն զարգացման հնարավորություն չեն  տվել:

Back to top button