ԿարևորՀասարակություն

Սեւանից ջրառ կարվի. Ջրային կոմիտեի նախագահ


Ամենայն հավանականությամբ կառավարության հենց վաղվա նիստում կներառվի Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու Ջրային կոմիտեի առաջարկը: Կողմերը փորձում են լուծումներ գտնել:

«Ջուրը այդուհանդերձ Սևանա լճից  բաց կթողնվի»,-«Ռադիոլուր»-ին այսօր ասել է Ջրային կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանը ու վստահեցրել՝ ոչ մի կաթիլ ջուր ճանապարհին չի կորի:

Եթե խորհրդարանը նախագիծը չհաստատի, Ջրային կոմիտեի նախագահի խոսքով, խնդիրների առաջ կկանգնեն ավելի քան 55 հազար գյուղացիական տնտեսություններ:

 

Կգնա՞ կառավարությունը զիջումների, թե՞ ոչ, բաց կթողնվի՞ Սևանա լճից լրացուցիչ ջուր, թե՞ ոչ. Ջրային կոմիտեում հարցի պատասխանին դեռ սպասում են:  Խնդրի լուծումը մոտ է: Կոմիտեի նախագահ Իննեսա Գաբայանը փաստում է՝

«Եկանք համատեղ համաձայնության.  հիմնականում բնապահպանները առաջարկեցին, որպեսզի մինիմում լինի ազդեցությունը, մինչև 25 մլն խորանարդ մետր՝ զրոյական  պահելով Սևանի բալանսը: Այսինքն, որ մինուս չիջնի մակարդակը, չիջնի ներքև»:

Գաբայանի փոխանցմամբ, սա ոռոգումը ավարտելու համար բավարար չի, հաշվարկել էին մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր: Ջրային կոմիտեին  այս անգամ  կառավարությունում աջակցելու էին եկել ոռոգման  ջրի  խնդիր ունեցող մարզերի ղեկավարները:

Մինչ կառավարման  մարմինները   փորձում են փաստարկներ ու հակափաստարկներ գտնել, Արմավիրի ու Արարատի մարզերի գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրի բացակայության պատճառով կորցնում են բերքը:

Արարատի մարզի Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ  Գյուլամիրյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ իր ղեկավարած համայնքում հիմնականում ինքնահոս եղանակով են ջրում այգիները:

Ջրային կոմիտեում խոստանում են՝  Սևանա լճի ջուրը արդյունավետ կօգտագործեն՝  կազմակերպելով  շրջանառու ոռոգում. տասնօրյա ոռոգման հատվածը բաժանել են փուլերի՝  երեք օր փակում են ջուրը,  յոթ օր  բաց թողնում: Անում են հնարավոր ամեն ինչ՝   Սևանա լճից  քիչ ջուր վերցնելու համար: Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայան:

«Վարչապետը որոշեց՝  հավելյալ յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը բաց կթողնվի իր թույլտվությամբ, իրացությամբ,  գործընթացը կվերահսկեն  շահագրգիռ տարբեր կողմերի ներկայացուցիչները: ԱԻՆ-ը կլինի, վարչապետն առաջարկել է անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև ոստիկանությանը: Գիշեր-ցերեկ պետք է հսկվի Սևանից հավելյալ թողքը»:

«Առանց Սևանից հավելյալ ջրառի՝ անհնար է ավարտել ոռոգման սեզոնը»,- վստահեցնում է Ջրային կոմիտեի նախագահը:

Ոլորտի երկարամյա փորձագետը պնդում է՝ հաջորդ տարի էլ ենք ապավինելու Սևանա լճին, միայն թե իրավիճակը փոքր-ինչ կշտկի Արփա-Սևան թունելի գործարկումը: Եթե, այդուհանդերձ, խորհրդարանը չհաստատի Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու  առաջարկը, գյուղացիական 55 հազարից ավելի տնտեսություններ շատ ավելի լուրջ խնդիրներ կունենան՝ շեշտում է Ջրային կոմիտեից նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button